Գուցե Ռոբերտ Քոչարյանը ներողություն խնդրի՞
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 11-ին տարածեց հայտարարություն ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով:
Ակնհայտ է, որ կառավարությունը շարունակ փորձում է վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանին: Ակնհայտ է նաեւ, որ Քոչարյանի դեմ փորձում են կոռուպցիոն ծագում ունեցող մեղադրանքներ ներկայացնել:
Մթնոլորտն այնպիսին է, որ քիչ է մնում Քոչարյանին մեղադրեն իր կառավարման տարիներին կառուցված բոլոր հյուրանոցների մեջ: Լինենք անկեղծ, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության տասը տարիներին Հայաստանում մոտ հիսուն հյուրանոց է կառուցվել եւ հիմնանորոգվել, այդ թվում նաեւ «Գոլդեն Փելեսը», «Երեւանը», «Մետրոպոլը», «Արարատը», «Մարիոթը», «Թուֆենկյանը»:
Իսկ գուցե Ռոբերտ Քոչարյանը ներողություն խնդրի՞, որ իր նախագահության ընթացքում այդքան շատ հյուրանոց է կառուցվել, որը եւս նպաստել է զբոսաշրջության զարգացմանը:
Գուցե Ռոբերտ Քոչարյանը ներողություն խնդրի՞ 2002-2003 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգված մշակութային օջախների, հատկապես թանգարանների համար:
Գոցե ներողություն խնդրի Սելիմի ճանապարհի կառուցման կամ Դլիջանի ոլորանների հիմնանորոգման եւ թունելի կառուցման համար:
Մթնոլորտն այնպիսին է, որ ոմանք կպահանջեն, որ նա ներողություն խնդրի նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վերակառուցման կամ Հայաստանի ամբողջ տարածքում կառուցված եւ նորոգված ճանապարհների համար:
Իսկ գուցե Ռոբերտ Քոչարյանը ներողություն խնդրի միջին եւ փոքր բիզնեսի զարգացման համա՞ր: Իսկ ինչո՞ւ ոչ: Իսկ ինչո՞ւ նա ներողություն չխնդրի 2006-2007 թվականների սկսված ներգաղթի համար:
Շինարարության զարգացման համար Ռոբերտ Քոչարյանին արդեն հասցրել են քննադատել, մեղադրել, հիմա գուցե սպասում են, որ նա ներողություն խնդրի՞: Իսկ գուցե իրո՞ք նա ներողություն խնդրի երկնիշ տնտեսական աճի, մարդկանց կենսամակարդակի կայուն աճի համար:
Իսկ գուցե ներողություն խնդրի, որ ոչ իրենից առաջ, ոչ հետո Հայաստանը նման զարգացում, իսկ ժողովուրդը կենսամակարդակի կայուն աճ չեն արձանագրել:
Հակոբ Ասատրյան
Top-News.am