Փարիզում ռեկետ անելու համար ավելի քան 20 չեչեն է ձերբակալվել
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է Փարիզում ծագումով Չեչնիայից 23 անձանց ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են Արևելյան Եվրոպայից՝ մասնավորապես Լեհաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից ժամանող բեռնատարների վարորդներին ռեկետի ենթարկելու մեջ։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Իրավապահների տվյալներով՝ ձերբակալվածները պահանջել են յուրաքանչյուր վարորդից 200 եվրո՝ Փարիզ մուտքի համար։
Մեկ ամսում հանցավոր խումբը կարողացել է ստանալ 200 հազար եվրո շահույթ։ Ձերբակալությունը կատարվել է գումարի փոխանցման պահին։ Կասկածյալների մոտից առգրավվել է զգալի կանխիկ գումար և զենք։
Իսլամական կազմակերպությունների հետ ձերբակալվածների կապերի մասին չի հաղորդվում, չի նշվում նաև նրանց քաղաքացիությունը։