Արայիկ Հարությունյանի կյանքի նպատակը
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ «Այբ» հիմնադրամի հետ համաձայնագիր է կնքվել, որով դադարեցվել է Կրթության գերազանցության ծրագրի («Արարատյան բակալավրիատ») պայմանագրի գործողությունը։
Այն, որ «Արարատյան բակալավրիատ»-ի ծրագիրն ուներ բազմաթիվ բացթողումներ, լավագույններից չէր, չենք վիճում, նույնիսկ համակարծիք ենք։ Սակայն, վերցնել ու հենց այնպես կասեցնել այն, առնվազն ճիշտ քայլ է, ոչ մի տեղ չտանող, անձնական նեղ ամբիցիաների վրա հիմնված որոշում։
Երբ «Արարատյան բակալավրիատի» ծրագիրը դրվեց շրջանառության, երկար քննարկվեց ու քննադատվեց ոլորտի մասնագետների կողմից։ Այդուամենայնիվ, ծրագիրն արժանացավ այդ ժամանակվա կառավարության հավանությանն ու ստացավ համապատասխան ֆինանսավորում։ Այսօր, երբ այն արդեն գործարկվել է, ծախսվել են հսկայական գումարային միջոցներ, վերապատրաստվել են ուսուցիչներ, ստեղծվել են ենթակառուցվածքներ, Կրթության և գիտության նախարարը նման չհիմնավորված որոշում է կայացնում։
Հիշեցման կարգով նշենք, որ Արայիկ Հարությունյանը նախարարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ձեռնամուխ եղավ «Այբ»-ի հետ հրապարակային պատերազմական իրավիճակի ստեղծմանը։
Նախարարը նախ հայտարարեց, որ աուդիտ են սկսում «Այբ» հիմնադրամում, ապա բոլոր հնարավոր մեդիահարթակներով լծվեց «Այբ»-ին հեղինակազրկելու «սուրբ» գործին։ Իսկ վերջում, երբ նախարարական աուդիտը բացահայտեց, որ «Այբ»-ը ոչ միայն կոռուպցիոն որևէ գործարքներում թաթախված չէ, այլև պետության գումարները ծախսել է հնարավորինս խնայողաբար, Արայիկ Հարությունյանն անգամ ներողություն չխնդրեց։
Խիստ ցավալի է, որ նեղ անձնական ամբիցիաների, ատելության և սուբյեկտիվ այլ դրդապատճառներով մի նախարար կարող է վնասել միջազգային կրթական հարթակներում ճանաչված և հարգի անուն ունեցող կառույցին և դրա համար որևէ պատասխանատվություն չկրել։ Եթե Արայիկ Հարությունյանն իր պաշտոնը ստանձնել է բացառապես Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, ապա «Այբ» կրթական հիմնադրամն ու դպրոցը իրենց բարի անունը վաստակել են տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում։ Եվ այսօր, խիստ սուբյեկտիվ հակակրանքից ելնելով, դուրս գալ այդ պատմության, այդ անձնվեր աշխատանքի դեմ, ի ցույց ես դնում միայն սեփական տկարությունդ։
«Արարատյան բակալավրիատի» ծրագրի կտրուկ կասեցումը աբսուրդային էր նաև նրանով, որ հօդս ցնդեցին այն բոլոր գումարները, որոնք արդեն ներդրվել էին ծրագրում։ Քանդելու, մերժելու փոխարեն՝ կարելի էր փորձել շտկել, ձևափոխել, կատարելագործել «Կրթության գերազանցության ծրագիրը»՝ հատկապես եթե արդեն ապացուցվել էր, որ այդ ծրագրում կոռուպցիոն դրսևորումներ չեն եղել, ավելին գումարները հնարավորինս խնայողաբար են օգտագործվել։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am