Հայաստանում հերթական մարդահամարը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 18-27-ին
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում է կայացրել Հայաստանում հերթական մարդահամարն անցկացնել 2020 թվականի հոկտեմբերի 18-27-ը:
Մարդահամարի մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի հավաքման եղանակների եւ տվյալների մեքենայական մշակման ծրագրերի եւ տեխնոլոգիայի փորձարկումն իրականացնելու համար փորձնական մարդահամար կանցկացվի Շիրակի մարզի Արթիկ համայնքում եւ Կոտայքի մարզի Արամուս, Ակունք, Կամարիս եւ Մայակովսկի համայնքներում 2019 թվականի հոկտեմբերի 3-12-ը:
Կառավարության որոշումը նպատակ ունի «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ապահովել հերթական մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման գործառույթները, դրանց իրականացմանն առնչվող աշխատանքներին աջակցող պետական կառավարման համակարգի մարմինների հետ կազմակերպական եւ մեթոդաբանական բնույթի աշխատանքների կարգավորումը, ինչպես նաեւ մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումն ու փորձարկումն ըստ սահմանված ժամկետների:
2020թ. մարդահամարի ծրագրին համապատասխան կստացվի երկրի մշտական եւ առկա բնակչության թվաքանակների ու նրանց սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ՝ ապահովելով հաջորդ տասնամյակի համար բնակչության թվաքանակի հաշվարկի հիմքը: