«Սովորություն է դարձել պարտվելն ու պատասխան չտալը»․ Արմեն Բադալյան
«Ազատ միտք և ազատ խոսք» հասարակական կազմակերպության հերթական թեման «Արտահերթ ընտրություններ»-ն էին, որտեղ ի թիվս այլ կարծիքների հնչեց նաև տեսակետ, որ Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո ավանդական որոշ կուսակցություններ դեռ շանս ունեն նոր կյանք կատարելու, միայն թե կամք ու վճռականություն է պետք։
Մասնավորապես, քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը նման առաջարկով հանդես եկավ․ «Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո առնվազն տրամաբանական կլիներ, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն իրենց Երևանի կառույցների ղեկավարներին կանչեին և ասեին՝ «հարգելինե՛րս, դուք պարտվել եք, դուք պետք է հրաժարական տաք, ձեր փոխարեն ուրիշները գան»։ Թե չէ սովորություն է դարձել պարտվելն ու պատասխան չտալը։ ՀՀԿ-ի ժամանակ էլ էր այդպես՝ դու պարտվում ես, բայց պատասխան չես տալիս։ Երբ դու պարտվում ես ու ոչինչ չես անում, դա դառնում է չաշխատելու ամենալավ խթանը»։
Արմեն Բադալյանը լիովին իրատեսական է համարում ԱԺ արտահերթ ընտրություններն այս դեկտեմբեր անցկացնելը, ավելին՝ դա բավարար ժամանակ է, որպեսզի պատրաստվեն նաև Երևանի ավագանու ընտրություններում պարտված թիմերը․ «2,5 ամսվա ընթացքում՝ այսինքն դեկտեմբերին, լիովին հնարավոր է նորմալ ընտրությունների անցկացումը, եթե իհարկե այդ կուսակցությունները ուզեն։ Իսկ եթե չուզեն, ոչինչ չես կարող անել, իրենց փոխարեն ոչ-ոք քարոզչություն չի անելու»։
Top-News.am