Շեւչենկոյի անվան ավագ դպրոցի մանկավարժները դասադուլ են հայտարարել
Կրթության ոլորտի մասնագետ, Երեւանի ավագանու արդեն նախկին «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տեղեկացնում է, որ Երեւանի Շեւչենկոյի անվան թ.42 ավագ դպրոցի մանկավարժներից Շ. Բաղրամյանը, Ռ.Հովսեփյանն ու Ա. Սարդարյանը, ինչպես նաեւ դպրոցի 23 մանկավարժներից 9-ը իրեն հայտնել են, որ այս պահին դասադուլ են հայտարարել տնօրենի հրաժարականի պահանջով, ում նկատմամբ առկա է հարուցված քրեական գործ ու «նա շարունակում է պաշտոնավարել եւ բնականաբար խոչընդոտում է քրեական գործի արդարացի քննությանը»:
Բախշյանը Facebook-ի իր էջում նաեւ գրել է.
«Այսօր առավոտյան էլ մանկավարժները պարզել են, որ դպրոցի արհկոմի նախագահն ուրբաթ օրն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ու ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ արհկոմի 9 անդամներ ուրբաթ օրը նրան ներկայացրել են դասադուլ սկսելու մասին դիմում: Այս փաստը վերջնականապես լցրել է մանկավարժների համբերության բաժակն ու նրանք սկսել են դասադուլը:
Խնդրում եմ լուսաբանել, դպրոցը գտնվում է Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի ետեւում»: