Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյանը ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերությունների մասին
Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը Коммерсантъ-ի թղթակից Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում՝ պատմելով, թե երբ է նա ընկերացել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ և որքան ամուր է այդ ընկերությունը:
Քոչարյանը, արձագանքելով լրագրողի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր սերտ ընկերական հարաբերությունների մասին դիտարկմանը, նշել է, որ ինքն ու Պուտինը համագործակցել են իր նախագահության ութ տարիների ընթացքում:
«Հարաբերությունները բացարձակ ազնիվ են եղել: Արդյունքները՝ ցնցող: Հայաստանում գրեթե չկային ռուսական ներդրումներ: Այժմ տեսեք, թե ինչքան ռուսական ընկերություններ են մտել հայկական շուկա՝ լուրջ, խոշոր, հետաքրքիր: Ես արդեն չեմ խոսում ռազմատեխնիկական հարաբերությունների մասին: Իհարկե, ձևավորվել են նաև անձնական հարաբերություններ:
Մենք երբեք իրար չենք ստել: Այդ հարաբերությունները շատ անկեղծ էին և ուղիղ»,- ասել է Քոչարյանը:
Նա հավելել է, որ նրանք երկուսով միշտ էլ կարծել են, որ խնդիրների մասին պետք է ուղիղ խոսել:Քոչարյանն իր հարցազրույցում նաև նշել է, որ իր ու Պուտինի աշխարհայացքները շատ նման են:
«Նման երկար համագործակցությունը մեզ մտերմացրել է նաև զուտ մարդկայնորեն: Մեր կապերը շարունակվել են իմ նախագահությանը հաջորդած ամբողջ ընթացքում: Ես դրանք չեմ հրապարակայնացրել և չեմ փորձել ինչ-որ կերպ կապիտալիզացնել դրանք… Ես մեծ հարգանքով եմ նրան վերաբերվում, զգում եմ, որ իմ նկատմամբ նրա վերաբերմունքն էլ նույնն է: Մենք հարգում ենք իրար, հարգում ենք այն աշխատանքը, որ մենք արել ենք ռուս-հայկական հարաբերություններում: Մեր հանդիպումները, զրույցները երբեք չեն սահմանափակվել Հայաստանում իրավիճակով, դրանց ընթացքում շոշափվել է հարցերի շատ ավելի լայն շրջանակ»,- ասել է Քոչարյանը:
Լրագրողի հարցին, թե ինչն է ընկած պետությունների ղեկավարների ընկերության հիմքում, Քոչարյանը նշել է, որ դա «քիմիան» է:
«Դա քիմիա է, որը միշտ չէ, որ կարելի է բացատրել: Դա կարող է լինել և՛ անցած ճանապարհը, և՛ պարզապես փոխադարձ համակրանքը: Չեմ կարծում, որ կա առանձին գործոն, դա գործոնների համագումար է, որոնք գումարվում են իրար և մարդկանց միջև էներգիա են ստեղծում: Եվ դա դառնում է այդ հարաբերությունների համար որոշակի ամրապնդող հիմք»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ ինքը Պուտինին ճանաչելու մոտ երկրորդ տարում զգացել է «իրենց միջև որոշակի քիմիա» է և լրագրողի հարցին ի պատասխան նշել, որ դա փոխադարձ է եղել:
Միևնույն ժամանակ Քոչարյանը նշել է, որ չի կարող ասել, որ իր և ՌԴ նախագահի միջև ընկերություն է հաստատվել առաջին իսկ շփումից, որը տեղի է ունեցել 1999 թվականի հոկտեմբերին՝ Երևանում:
«Լուրջ մարդկանց մոտ ընկերական հարաբերությունները չեն կարող ձևավորվել մեկ-երկու շփումից, երկու-երեք հանդիպումից հետո: Այդպես չի լինում: Ես «ընկեր» հասկացությանը չափազանց լուրջ եմ վերաբերվում, որպեսզի մեկին մեկ, երկու, երեք անգամ հանդիպելով՝ ասեմ, որ նա իմ ընկերն է: Լեզուս չի պտտվի: Դա կառուցվում է տարիների ընթացքում: Չեմ կարծում, որ մարդը կարող է հարյուր ընկեր ունենալ»,- ասել է Քոչարյանը: Նա նշել է, որ «Հայաստանը փոքր երկիր է, և եթե քո ներսում վասալության զգացում կա, ապա երբեք ընկերություն չի լինի»:
Քոչարյանը նշել է, որ չնայած տեխնիկապես դժվար է զանգահարել Վլադիմիր Պուտինին, բայց քանի որ նա հաճախ է լինում Մոսկվայում, որպես կանոն, օգտագործում է այդ հնարավորությունը: Լրագրողի դիտարկմանը, որ նա, սակայն, չի կարողանա Պուտինին անձամբ շնորհավորել հոկտեմբերին ծննդյան տոնի առթիվ, նա նշել է, որ իր անձնագիրն ապօրինաբար չեն վերադարձնում իրեն և թույլ չեն տալիս երկրից հեռանալ:
«Իշխանությունը, որն անընդհատ խոսում է երկրում օրենքի վերականգնման մասին, իրեն ծայրահեղ հակառակ ձևով է պահում: Իմ ողջ կյանքը անցել է պայքարում, այդ պատճառով ես չեմ ընկճվում: Ինչը չի սպանում, ավելի է ուժեղացնում: Այս հայտնի խոսքն ինձ համար միշտ կարգախոս է եղել»,- ասել է Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանը, սակայն, հրաժարվել է ասել, թե արդյոք «դու»-ով է խոսում Պուտինի հետ:
«Չեմ ցանկանում քննարկել այդ թեման: Դա (ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերությունների մասին տեղեկությունը) պարզապես հայտնվեց հանրային տիրույթում: Այդ զանգը (Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Պուտինի հեռախոսազանգը- tert.am) լուրջ աջակցություն էր, բայց ես երբեք նման հարաբերությունները չեմ հրապարակայնացրել»,- ասել է Քոչարյանը: