Նույն կեղտոտ գործելաոճը. հիմա էլ սեւեռվել են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դեմ
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»-ի մի խումբ ուսանողները դասադուլ են հայտարարել։
Նրանք պահանջում են ռեկտոր Դավիթ Մուրադյանի և բուհի վարչական կազմի հրաժարականը։
«Նախորդ ուսումնական տարվա վերջից մենք արդեն շատ բողոքներ ունեինք։ Մի քանի հանդիպում ունեցել ենք ռեկտորի և վարչական կազմի հետ, բացահայտված նոր փաստերի հետ իրավիճակն ավելի բորբոքվեց։ Մեր ամենագլխավոր պահանջը դա վարչական կազմի հրաժարականն է, քանի որ մենք ունենք հստակ փաստեր. ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը նույնիսկ իր անտեղյակության համար, որ իր կողքի կաբինետում նստած մարդը կարող է գումար լվանալ ինստիտուտի շնորհիվ, միայն իր անտեղյակության պատճառով պետք է հրաժարվի իր պաշտոնից», - ասաց ուսանողներից մեկը։
Նշենք, որ օրերս Ոստիկանությունը կոռուպցիայի և տնտեսական ապօրինությունների դեմ պայքարի շրջանակներում բացահայտումներ կատարեց ինստիտուտում։
Ոստիկանությունը պարզեց, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ-ից, «օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար։
Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ։
Բացի այդ, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետև ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։ Արդյունքում՝ վատնվել է շուրջ 900 հազար դրամ։
Պարզվել է նաև, որ 2016 թվականի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության՝ իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքնվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։ Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար և վարորդի աշխատավարձ վատնվել է շուրջ 8 միլիոն 150 հազարդրամ»։
Դեպի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ինստիտուտի ռեկտոր Մուրադյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դեռ քննություն է ընթանում, ինքն իրավապահ մարմիններին պարզաբանումներ տվել է և խորհուրդ տվեց սպասել քննության ավարտին։ Մուրադյանը նաև նշեց, որ պրոռեկտորն արդեն հրաժարական է ներկայացրել։