Լեւոն Տեր–Պետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով. Րաֆֆի Հովհաննիսյան
Այո, Լեւոն Տեր–Պետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ոչ միայն առաջին, երկրորդ նախագահները, գործող վարչապետը պետք է հարցաքննվեն այդ գործով, այլ նաեւ իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչները, բոլոր նրանք, ովքեր դաշտային գործի առաքելության մեջ էին՝ ԱԱԾ—ից, ոստիկանությունից: Այսինքն՝ ով ունի վկայություն, որը կարող է օգնել, որ ամբողջական ճշմարտությունը ջրի երես դուրս գա առանց հատվածականության, պետք է հարցաքննվի։ Այդ օրենքը պետք է հավասարապես կիրառվի բոլորի նկատմամբ»,–եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի գործով» Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երկրորդ նախագահը գործում ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Ապա Վերաքննիչ դատարանը ազատ արձակեց Քոչարյանին անձեռմխելիության հիմքով։
Նույն հոդվածով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաեւ 2008թ. հետընտրական իրադարձությունների ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am