Միլիարդատեր Իլոն Մասկին դատի են տվել
ԱՄՆ-ում դատական հայց է ներկայացվել Tesla ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկի դեմ, հայտնում է cnbc.com-ը՝ մանրամասնելով, որ հայցվոր Էնդրյու Լեֆթը միլիարդատիրոջը մեղադրում է Tesla-ի արժեթղթերի գնի հետ կապված մանիպուլյացիաներ անելու համար:
Բացի այդ, հայցում նշվում է, որ գործարարը ներդրողներին ներկայացրել է կեղծ ու ապակողմնորոշող տեղեկություն:
Լեֆթը, մասնավորապես, հիշեցնում է Մասկի՝ օգոստոսի 7-ին արված թվիթերյան հայտարարությունը, համաձայն որի՝ Tesla-ն պետք է դառնար մասնավոր ընկերություն և որ տվյալ գործընթացի համար ֆինանսավորումն ապահովված է:
Այս գրառումից հետո ներդրողների շարքում իրարանցում է սկսվել, արժեթղթերի գինը սկսել է նվազել: Սակայն օգոստոսի 24-ին Մասկը հայտարարել է, որ ընկերությունը կշարունակի հանրային մնալ, ինչն էլ հանգեցրել է Tesla-ի արժեթղթերի գնի աճի:
«Մենք հավատացած ենք, որ Մասկը կեղծ ու ապակողմնորոշող գրառման միջոցով փորձել է մանիպուլյացիաներ անել ընկերության արժեթղթերի գնի հետ կապված»,-ասել է ներդրողը: