Կարգին Հայկոն հասարակությունը բաժանել է սեւ եւ սպիտակ ուժերի
Այսուհետ ձեր պարտականությունն է ձեր կյանքի 20 տոկոսը նվիրել հանրային շահերին, նվիրել հանրությանը. միայն այսպես մենք կարող ենք հաջողություն ունենալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանն ասել է ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում:
Նա նաեւ սեւ ուժ է համարել հասարակության մի մասին:
«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»,- ասել է Մարությանը»։
Նման հայտարարություն անող քաղաքապետի թեկնածուն պարզապես պետք է չշարունակի պայքարը: