Էրդողանը կմեկնի Թեհրան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 7-ին կժամանի Իրանի մայրաքաղաք Թեհրան, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը։
Աղբյուրը նշում է, որ Էրդողանը Թեհրանում մասնակցելու է Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովին՝ իր իրանցի ու ռուս գործընկերների՝ Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի հետ։
Էրդողանի այցի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր նշել է, որ գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները նախապատրաստական փուլում են, որևէ ամսաթիվ ՌԴ նախագահի խոսնակը չի նշել, սակայն չի էլ բացառել, որ այն կանցնի հենց Թեհրանում։
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ եռակողմ գագաթնաժողովի ամսաթիվը կհայտարարվի մոտ օրերս։