«Այստեղ ձեզ դիմավորում են ոչ թե մահակներով, այլ ձմերուկներով»․ թուրք ճանապարհորդները՝ Հայաստան այցի մասին
Թուրք ճանապարհորդներ Ազիզ Քյուչուքն ու Միյասե Փելին Թունչը թուրքական gazeteduvar.com.tr կայքի իրենց սյունակում կիսվել են դեպի Հայաստան իրենց ուղևորության մասին տպավորություններով։
Թուրք երիտասարդները նշել են, որ յուրաքանչյուր Թուրքիայի քաղաքացի, ով այցելի Հայաստան, կհամոզվի, որ հայերն իրենց կդիմավորեն «ոչ թե թշնամությամբ ու մահակներով, այլ ձմերուկներով»։
Ազիզ անունով թուրք ճանապարհորդին հաճելիորեն տպավորել է հայ մաքսավորի «ազիզ ջան»-ով սկսվող ողջույնը, ինչից հետո նա հասկացել է՝ եկել են «ջաների» երկիր։
Թուրքիայից ժամանած ճանապարհորդներն այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու։
«Իր հանգստությամբ, երաժշտությամբ ու անմար կրակով շատ ազդեցիկ մի վայր է», - նշում են հոդվածի հեղինակները, որոնց ուշադրությունը հատկապես գրավել է հուշահամալիրում չորացած ծաղիկները հավաքող ու զբոսաշրջիկների դրամական օգնությունները մերժող ծեր տատիկը։
Թուրք զբոսաշրջիկներն այցելել են նաև Գյումրի, Էջմիածին, Սևան, Եղեգնաձոր, Դիլիջան, Քաջարան ու այլ վայրեր՝ ամբողջ ճանապարհն անցնելով միայն հեծանիվներով ու գիշերելով վրաններում։