Ի՞նչ կարող է ԱՄՆ-ն սովորել Կովկասի փոքրիկ հանրապետությունից՝ Արցախից. UCLA-ի դասախոս
Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանի դասախոսներից Փոլ Ֆոն Բլումը գրել է Արցախի Հանրապետության մասին՝ նշելով, որ բացի հայերից ու հայկական սփյուռքից, ցավոք, ոչ ոք Արցախի մասին չգիտի:
Նրա խոսքով՝ սա զարմանալի չէ, քանի որ ամերիկացիներին չեն հետաքրքրում այնպիսի բաներ, որոնք իրենց կյանքի վրա ուղղակի ազդեցություն չունեն, սակայն, իր կարծիքով, շատ իզուր: Արցախն ընդամենը 150.000 բնակչություն ունի, սակայն լավ կլիներ, որ ամերիկացիներն ուշադրություն դարձնեին այդ երկրին: Արցախը ժողովրդավարական պետություն է՝ իր առավելություններով ու թերություններով, պատերազմի և խաղաղության միջև կյանքով: Միջազգային դիտորդների հավաստմամբ՝ այնտեղ տեղի են ունեցել ազատ և թափանցիկ ընտրություններ, և միայն այս չափանիշը, ըստ Բլումի, հերիք է, որ երկիրն արժանանա ճանաչման և աջակցության:
Հեղինակը գրում է, որ Ադրբեջանը խորապես ավտորիտար ռեժիմով պետություն է, որը ղեկավարում է կոռուպցիոն համբավ ունեցող բռնատիրական մի ընտանիք: «Արցախի հայերի ճակատագիրը նման ռեժիմում անհնար է պատկերացնել: Ամերիկացիները պետք է խիստ անհանգստացած լինեն այդպիսի հեռանկարով և ամեն ինչ անեն, որպեսզի նման բան տեղի չունենա»,- ասում է Բլումը:
Նա հավելում է, որ Ադրբեջանը նաև սատարում է Թուրքիային և մերժում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: 103 տարի անց Ադրբեջանը սատարում է այդ պատմական աղետը, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհը գիտի, որ Հայաստանը 20-րդ դարի առաջին հոլոքոսթի զոհն է դարձել, երբ մոտ 1.5 մլն հայեր մորթվել, սովամահ են եղել, բռնաբարվել և տանջանքների ենթարկվել օսմանյան թուրքերի կողմից:
Արցախ կատարած այցի ժամանակ հեղինակը տեղի պաշտոնյաներից մեկին հարցրել է՝ ավելի լավ կլիներ, որ Արցախն անկախանա՞ր, թե՞ միանար Հայաստանին: Նրան պատասխանել են, որ ընտրությունը ժողովրդինն է և, նրա կարծիքով, հենց դրա համար ամերիկացիները պետք է աջակցեն Արցախին: Ավտոկրատիայի հանդեպ ժողովրդավարության գերակայությանը պետք է սատարեն բոլորը, գրում է հեղինակը: