«Ռուսաստանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ»
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, որն ամենամյա «Ժառա» (Жара) երաժշտական փառատոնին ներկա լինելու նպատակով այցելել է Բաքու, հարցազրույց է տվել Sputnik գործակալության ադրբեջանական ծառայությանը՝ խոսելով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև արտգործնախարարների միջև հնարավոր շփումներին՝ Զախարովան նշել է, որ Մոսկվան ողջունում է Երևանի ու Բաքվի միջև շփումները: Մամուլի խոսնակի պնդմամբ՝ առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է երկկողմ շփում, երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա:
«Ռուսաստանը, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և՛ միջնորդ հանդիսանալով, և՛ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի բարեկամ երկիր լինելով, հետաքրքրված է հակամարտության կարգավորմամբ»,-ընդգծել է Զախարովան:
Այնուհետև լրագրողը հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանն ունի Ղարաբաղում պատերազմը կանխելու բոլոր լծակները»: «Ի՞նչ են Մոսկվայում կարծում այս առնչությամբ»,-հետաքրքրվել է լրագրողը:
«Կարծում եմ՝ այս պարագայում ինչ-որ մեկին մեջբերելու կարիք չկա: Ռուսաստանը պատմականորեն իրեն դրսևորել է որպես պատասխանատու միջնորդ, որը բազմիցս գործով է ապացուցել իր միջնորդական դերը: Այդպես է լինելու նաև ապագայում: Մեր դիրքորոշումը ղարաբաղյան հարցի շուրջ անփոփոխ է»,-ասել է Զախարովան:
Իր խոսքում ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ պաշտոնական Մոսկվան Ղարաբաղյան հակամարտության հարցում ունի հստակ դիրքորոշում, որը երբեք երկիմաստ չի եղել:
«Բոլոր ջանքերը կենտրոնացած են միջնորդական դերի վրա, որի վերջնական նպատակն է երկու կողմի համար էլ ընդունելի պայմանավորվածությունների ձեռքբերումը: Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը գիտեն, որ Մոսկվան այդ առումով վստահելի գործընկեր է: Կողմերը վստահություն ունեն Մոսկվայի ու նրա դերի հանդեպ»,- ասել է Զախարովան: