«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված վիճակ է. բուժանձնակազմը գործադուլ է սկսում
Այս պահին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցները բողոքի զանգվածային ակցիա են իրականացնում. նրանք ապօրինի են համարում տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու նախարարի որոշումը: Հիվանդանոցի բուժանձնակազմը փակել է հիվանդանոցի մուտքերն ու հիվանդանոց տանող ճանապարհը:
Նրանք վանկարկում են «գործադուլ», «Մինասյան»: Ցուցարարների ձեռքին կան պաստառներ. «Մենք բոլորս Մինասյան ենք»: Բուժանձնակազմը հրաժարվում է նախարարության աշխատակիցներին հանձնել հիվանդանոցի կնիքը՝ պահանջելով չեղարկել Մինասյանի ազատման հրամանը:
Ակցիայի մասնակից բժիշկներից Արման Գրիգորյանը հայտարարեց, որ պլանային հիվանդների չեն ընդունելու, կընդունեն միայն անհետաձգելի հիվանդներին. «Հենց իշխանությունը փոխվում է, սկսում են հետապնդել բժշկին, այն մարդկանց, որոնք բուժում են մարմինն ու հոգին: Իմ կարծիքով, մենք հիմա սիրտ ու հավես չունենք պլանային հիվանդ ընդունելու: Որպես բժիշկ մասնագետ անհետաձգելի դեպքերը կընդունենք, բայց պլանային հիվանդներին, ցավոք սրտի, նույնիսկ այս շուկայական պայմաններում ստիպված ենք լինելու նվիրել այլ կոմերցիոն կլինիկաներին, քանի որ միակ պետական կլինիկայի վրա ճնշում է գործադրվում:
Ասում են սոցփաթեթ, ուսուցիչներ եւ այլն, էդ ուսուցիչը 8 հազար դրամի մեջ ո՞նց կարող է հետազոտվել, եթե ինքը 55-60 տարեկան է, ունի 1000 պրոբլեմ: Բժշկությունը քաղաքականության ու բիզնեսի հետ չի կարելի խառնել: Սա մոլիբդենի հանք չի: Մենք, իմ կարծիքով, հիմա պլանային հիվանդ ընդունելու իրավունք չունենք: Կզանգենք, կխնդրենք՝ չուղարկեն: Որտեղ հիվանդին, անօթեւանին չէին ընդունում, գումարի համար քշում էին էստեղ, մենք ընդունել ենք, տնօրենն էլ մեզ հետ»,-ասաց նա:
«Մենք պահանջեցինք, որ առողջապահության նախարարը գա հիվանդանոց, բայց նա վախեցավ հանդիպել բժշկական համայնքին: Արսեն Թորոսյանից հարցրե՞լ եք՝ ոնց է ազատվել բանակից: Բանակից փողով ազատված, Հայաստանը «չմո երկիր» անվանած նախարարի ապօրինությունները չենք հանդուրժելու: Այդ մարդը չի հասկանում՝ ինչ է նշանակում առողջապահության համակարգ»,-նշեցին ակցիայի մասնակիցները:
Բուժանձնակազմի անդամները պնդում են, որ արդեն մեկ ամսից ավելի է, որ ուղղորված արշավ է սկսվել իրենց հիվանդանոցի դեմ, որի նպատակը տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելն է:
Բողոքի ակցիային մասնակցում են ոչ միայն հիվանդանոցի բուժանձնակազմը, այլեւ ԲԿ-ում բուժում անցնող հիվանդներ ու նրանց հարազատներ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am