Սպանվել է Ադրբեջանում քաղաքապետի դեմ մահափորձի կազմակերպիչներից մեկը (լուսանկար)
Ադրբեջանում սպանվել է Գյանջա (Գանձակ) քաղաքի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձի կազմակերպիչներից մեկը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
Զինված դիմադրություն ցուցաբերելու ժամանակ սպանվել է Գյանջայի բնակիչ Աղա Սարհանին, որը, ըստ երկրի իրավապահ մարմինների, Յունիս Սաֆարովի հետ համատեղ կազմակերպել է Վելիևի դեմ մահափորձի ծրագիրը:
Պարզվել է, որ 2016 թվականին նա մարտական պատրաստություն է անցել Սիրիայի տարածքում զինված խմբերի կազմում, պարբերաբար այցելել է Իրան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գյանջա քաղաքում անկարգությունների համար ընդհանուր առմամբ 22 մարդ է ձերբակալվել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում երկու ոստիկան է սպանվել քաղաքապետի դեմ մահափորձից օրեր անց՝ հուլիսի 10-ին կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ: Իշխանությունները մահափորձի և «ապստամբությունների» համար, որոնց ընթացքում սպանվել են ոստիկանները, մեղադրել են իսլամիստ ծայրահեղականների և ենթադրություն հայտնել, որ նրանց այդ քայլերին դրդել են օտար ուժերը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ դեպքերն ահաբեկչություն է անվանել՝ ուղղված Ադրբեջանի պետականության դեմ: Հաղորդվել է, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում սպանվել է Գյանջա քաղաքում ոստիկանի սպանության համար մեղադրվող Ռաշադ Բոյուկիշիևը: