1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 հոկտեմբերի 2018թ., 00:00
Աջ ղեկով մեքենա ներկրողների բողոքի ակցիա՝ Բագրատաշենում Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում Ուկրաինական ակումբի գլխավոր տնօրեն. Թույլ չեմ տա, որ թիմում հայտնվեն գեյեր Լեռնային Ղարաբաղի հարցով Փարիզի դիրքորոշումն անփոփոխ է. Ջոնաթան Լաքոթ Ինչպես է Ջասթին Թրյուդոն հայերեն ասում՝ «Ես քեզի կսիրեմ» Ավտոմեքենայի փոխարեն կանխիկ գումար Թուրքիայի ամենաբնիկն ու Ստամբուլի աչքը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Արա Գյուլերի մահը ՀՀ նախագահը մայիսից կուտակված իր աշխատավարձը կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին Հայաստանը գնում է դեպի հերթական քաղաքական մոնոպոլիայի ձևավորում Ադրբեջանում լրտեսության համար կասկածվող օտարերկրյա քաղաքացու են ձերբակալել Նա այդքան տղամարդկություն չունի, որ ներողություն խնդրի. ԵՊՀ ամբիոնի վարիչը՝ առողջապահության նախարարի հոր մասին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերի հնարավորության մասին 1891 թվականից ի վեր ամենաուժգին ջրհեղեղը Ֆրանսիայում (լուսանկարներ) «Նա իր օբյեկտիվով պատմություն է գրել». Էրդողանը ցավակցել է Արա Գյուլերի մահվան կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել Երեք լրագրողներ կհայտնվեն Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում» Շտապօգնության 200 նոր մեքենաները Հայաստան են բերվել ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Լեւոն Ալթունյանի շնորհիվ Բյուջեի դեֆիցիտը փակում ենք նոր վարկերով. Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի վարկային միջոցներ Նոր փուլի ռիսկերն ու ակնկալիքները Նախնական տեղեկություններով՝ Կերչում զոհվածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ չկան Ամերիկացի հոգևորականը պատմել է թուրքական բանտում անցկացրած օրերի մասին Կոստանյան Գեւորգի մոտ անբուժելի է ՀԻՎԱՆԴ քծնանքը Արմեն Գեւորգյան. Քաղաքական պրոցեսներով հետաքրքրված չեմ Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանի մասին (Տեսանյութ) Կռահեք, թե ով է «Դուխով» անունով օղի արտադրում. իհարկե օրինապաշտ գործարար Սամվել Ալեքսանյանը Քաղաքականության հետ կապ չունի, Նիկոլին չի ճանաչում, բայց մարզպետ է Փորձել են սպանել Հայիթիի նախագահին Ֆլորենցիայի չորս փողոցներում արգելք է մտցվել սննդի օգտագործման վրա Facebook-ը կարող է մարդու հոգեկան առողջության ինդիկատոր դառնալ Ինչպես են ապրում ադրբեջանցի պաշտոնյաները (Լուսանկարներ) Այսպես են Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում մաս-մաս արել լրագրողին +21 Ադրբեջանի անվտանգության ծառայությանն Ալիեւը նոր լիազորություններ է շնորհել Գերմանիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ 6 պարտություն է կրել մեկ տարում Դուք իրարից էլ տեղյակ չեք, բայց հավակնում եք բացարձակ իշխանության Վրաստանը մեղադրում է Սաակաշվիլիին ավելի քան տասը տարի առաջ մեծահարուստ գործարարի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները խոսել են ամուսնական կյանքի գլխավոր գաղտնիքի մասին Ջեյմս Բոնդին ծաղրել են կենգուրուով լուսանկարի համար «Էրդողանը բռնապետ է». բողոքի ակցիաներ Մոլդովայում՝ Էրդողանի այցի կապակցությամբ Խիստ տարօրինակ և անհեթեթ նշանակումներ՝ հրաժարականից առաջ Գյումրու մանկատան մոտ զույգ նորածին երեխաներ են գտել Փաշինյանը մատների արանքով նայեց. Շարմազանովը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին Ռուսաստանի կոշտ արձագանքը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին Մահացել է թուրքահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը Քիմ Քարդաշյանը դիմահարդարման համար նոր փայլփլուն հավաքածու է թողարկել Ռուսաստանյան լրատվամիջոցները՝ Փաշինյանի հրաժարականի մասին Իսկ Մայրապետյանին ինչո՞ւ եք ձերբակալել կամ այսպիսի՞նն է ձեր «նոր» Հայաստանը Ինչպես է ծիծաղը կապված մարդու գիտակցության հետ և ինչով է օգտակար. գիտական պատասխան ՀՔԾ-ն ստուգում է «Տոյոտա-Երևան» ընկերությունը Իսկ շնորհակալություն ո՞վ պետք է հայտներ Transparency-ին պահանջում է քրեական գործ հարուցել Մերկելի կուսակցի դեմ՝ Ադրբեջանից կաշառք ստանալու համար Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվելուց հետո առողջանում է Հարին և Մեգանն իրենց երեխային կարող են անվանել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի «հայկական» օրինակով Դեն Բիլզերյանը ցույց է տվել իր մերկ գեղեցկուհիներին Եվգենի Պետրոսյանի 29-ամյա սիրուհին հղի՞ է Ղրիմի օդանավակայանը կարող է անվանակոչվել Այվազովսկու անունով Մարիա Շարապովան մարզվում է Անգլիայի փողոցներում (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են Ղրիմի փոխվարչապետին Ահաբեկչություն Ղրիմի քոլեջում Համաշխարհային բանկը պարզել է՝ որքան մարդ է աշխարհում ապրում օրական 5,5 դոլարից պակաս գումարով Ոչ մի պրոբլեմ չկա, եթե ԱԺ-ն չհասցնի ընդունել 2019-ի պետական բյուջեն. Փաշինյան Մարկոս Պիզելին դուրս է գրվել հիվանդանոցից Բաքվում Թուրքիայի նախկին դեսպանը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Արցախի Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ Մայրը փրկել է որդուն ինքնասպանությունից՝ բացիկի օգնությամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումն ամրագրված է կառավարության ծրագրում․ ԱԳՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է Հիտլերի նույնասեռական հակումների մասին զեկույցը Փաշինյանի միակ ընդդիմությունը «տնտեսության վիճակն ու հեռանկարն է». Կարեն Ադոնց Նիկոլ Փաշինյանի կառավարության 5 ամենալուրջ սխալները Կանադայի վարչապետը՝ հոր գրկին Ինչ քննարկումներ են եղել Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելուց առաջ Հիմա էլ Տիգրանն է որոշել Սուրենի լավության տակից դուրս գալ Խոսրով Հարությունյանի ընկերությունը կրկին տուգանվել է «Յուրաքանչյուրը իր ճիշտը կասի». Յուվեցի Կարոյի եւ Ղարագյոզյանների ընտանիքները որոշել են խոսել Երազանքների հաստիք․ Սուրբծննդյան էլֆի դեր՝ Լապլանդիայում Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից Նախ կլսեն «վախեցած Հրաչին» Ավտոտնակներ, բնակարաններ, այլ եկամուտներ. նախարար Գարեգին Բաղրամյանի ունեցվածքը Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանի 4 սահմանախախտի են ձերբակալել Ազատամուտցիները գյուղապետի հրաժարականի պահանջով այսօր կրկին փողոց են դուրս եկել Հոլիվուդում տեղադրվել է Ռիչարդ Բրենսոնի աստղը
Հարցում

Պատերազմի եւ պատերազմի միջեւ. նոր տարբերակ

Պաշտպանությամբ կարող ես չպարտվել, սակայն հաղթել կարող ես հարձակմամբ միայն

Սուն Ցզի

 

Ներածություն

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վերջերս հրապարակեց իր տեսլականը բանակի ապագայի վերաբերյալ: Մեր իրողության մեջ սա նոր երևույթ էր, երբ նախարարը հրապարակում է երկարաժամկետ ծրագիր` դոկտրինալ ուղղություններով: Փաստաթղթի ուսումնասիրությունից հստակ երևում է, որ այդքան կարճ տեքստի մեջ ներառված են զինված ուժերի զարգացման բոլոր հարցերն ու ուղղությունները: Տեքստում հստակ աչքի է ընկնում, որ չափորոշիչներն ու մոտեցումները առաջադեմ են ու մարդակենտրոն: Սա այն ամենակարևորն է, որ միշտ պակասել է մեր բանակին, որը ժառանգել է խորհրդային, ասիական մոդելը: Նախարարի ուղերձում հատկապես աչք է զարնում պարտականության, պարտքի և առաքելության գաղափարների տարբերության ներդրումը: Եթե դա, իրոք, ներդրվի մեր բանակում, եթե, իրոք, մեր սպան սովորի այդ գաղափարին և դա սովորեցնի նաև մեր զինծառայողին, զինվորին, ապա մենք կունենանք այլ բանակ:

Կան նաև այլ հետաքրքիր և կարևոր կետեր, սակայն հատկապես ուշագրավ էր նախարարի այն գաղափարը, որով պետք է հեռու գնալ ստատիկ, մեռյալ պաշտպանությունից: Նախարարը օգտագործել է ճկուն պաշտպանությունը, որը ենթադրում է, որ բնագծերը կարող են փոխվել, որ ավելի քան քսան տարի նույն խրամատում նստած հայ զինվորը, պետք է առաջ գնալու մասին նաև մտածի: Այս տեսանկյունից սա չափազանց կարևոր է` մենք պետք է մտածենք նախ հարձակման մասին, առաջ գնալու մասին: Այսօր չափազանց կարևոր բաներ են փոխվել մեր հակամարտության մեջ: Այսօր կողմերն այնքան զենք ու զինամթերք են կուտակել, որ չափազանց կարևոր է դարձել առաջին հարվածի էֆեկտը: Ստացվում է այնպես, որ ով առաջինը հարվածի, կարող է հաղթել կամ մեծ հաշվով մեծ առավելություն ստանալ:

Ապրիլյան պատերազմից առաջ և հատկապես հետո Ադրբեջանը շարունակում է ավելացնել իր սպառազինությունն ու ռազմական տեխնիկան: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հարձակողական զինատեսակներին` հրետանային միջոցներ, հատկապես` հեռահար միջոցներ, ինքնագնաց հրետանի, հարվածային ԱԹՍ-ներ և այլն: Սույն թվականի հունիսի 11-ին Ադրբեջանը ցուցադրեց նոր` չին-բելառուսական «Պոլոնեզ» ռեակտիվ համազարկի կայանքը և իսրայելական «ԼՈՌԱ» օպերատիվ մարտավարական հրթիռները: Այս միջոցներով, որոնց պետք է գումարել նաև «Սմերչ»-ների մեծ քանակը և «Քասիրգա»-ների որոշակի քանակը, Ադրբեջանը սպառազինությունների մրցավազքում ստանում է նոր առավելություն: Սա ուղղակի սիմետրիկ և ուղիղ մրցավազք է, որը դժվար չէր կանխատեսելը: Վերջերս տեղեկություններ եղան այն մասին, որ Ադրբեջանը ձեռք է բերում ռուսական հարձակողական նոր տեսակի զրահատեխնիկա` «БМПТ Терминатор-2», որը կարող է լրացնել ադրբեջանական հարձակողական հզոր զրահախմբերին:

Բոլոր այս միջոցները զուտ հարձակողական են, ավելին` դրանք նախատեսված են կոնկրետ պաշտպանական բնագծերը ճեղքելու համար: Ապրիլից հետո Ադրբեջանը ընտրել է մեր պաշտպանության գոտին զրահատեխնիկայով և խիտ հրետանահրանետային կրակով ճեղքելու մոդելը: Հենց այդ սցենարներով էլ կատարվում են զորավարժությունները, ընդ որում` դա կարող է լինել ճեղքում միաժամանակ մի քանի տեղամասերում, կարող է դասական մեկ` գլխավոր հարվածի ուղղություն չլինել: Մի քանի ուղղություններում հրետանահրանետային խիտ կրակի տակ, խիտ զրահամիջոցներով ճեղքման փորձերին զուգահեռ` ադրբեջանական ԶՈւ-ն կարող է փորձել կիրառել նաև մարտավարական օդային դեսանտ:

Պատմության մեջ քիչ են այն դեպքերը, երբ հակամարտության երկու կողմերը ռազմականացման այնպիսի մակարդակի են հասել, երբ առաջին հարվածը դառնում է միակ լուծումը: Մենք հստակորեն մոտենում ենք այնպիսի վտանգավոր մի սահմանի, երբ կողմերից որն առաջինը կարողանա հասցնել անակնկալ ու մասսայական հարված, դիմացինին կարող է պատճառել կործանարար կորուստներ: Մենք երբեք չենք կարող նրանցից ավելի շատ հրթիռներ ունենալ, այն դեպքում երբ նրանց ռազմավարական նշանակետերի քանակը մեզանից շատ է լինելու: Այսինքն` մենք ավելի քիչ հրթիռներով ավելի շատ ադրբեջանական թիրախների պետք է հարվածենք, իսկ նրանք ավելի շատ հրթիռներով` մեր ավելի քիչ թիրախներին, ինչը նշանակում է, որ այս ճանապարհը, ըստ էության, ձեռնտու է Ադրբեջանին:

Այս իրավիճակում իրավաչափ հարց է առաջանում` հայկական զինված ուժերը շարունակեն պաշտպանվե՞լ` զուգահեռ իրականացնելով սպառազինման նոր նախագծեր, թե՞ պետք է փորձեն գտնել այլ` ասիմետրիկ լուծումներ:

 

Խնդրի էությունը

Ռազմական գիտությունը մշտապես պայքարի մեջ է պատերազմելու երկու ձևերի` հարձակո՞ւմ, թե՞ պաշտպանություն, նախընտրության հարցում: Ռազմական գիտության դասականները կասեն, որ սրանք մշտապես իրար հետ փոխկապակցված են, և չկա մեկի առավելությունը մյուսի նկատմամբ, որ առանց մեկի մյուսը չի լինում, որ միայն հարձակմամբ անգամ հաղթել չի կարելի, իսկ միայն պաշտպանությամբ` առավել ևս: Եվ բոլորն էլ իրավացի են այստեղ: Սակայն ամեն ինչ ավելի շատ որոշում է հենց իրավիճակը, ռազմավարական ու օպերատիվ իրավիճակը, անգամ` մարտավարական իրավիճակը կոնկրետ գործողությունների ժամանակ:

Պատերազմների պատմությունը ապացուցել է, որ ռազմի գործը զարգացրել են հարձակվողները, առաջին քայլը կամ, որ ավելի ճիշտ է ասելը, նախաձեռնությունը միշտ նրանց ձեռքում է: Նրանք են որոշում հարձակվել, նոր մեթոդներ են մշակում ու հաղթում, իսկ պաշտպանությունը նրա համար է, որ կես քայլ ուշացած միշտ փորձի նոր ելքեր ու լուծումներ գտնելի հարձակման դեմ: Հարձակվողը միշտ մի քայլ առաջ է, և պաշտպանվողը երբեք չի կարող, զուտ դիմադրելով, հաղթել: Դարերով եղել է պատերազմելու երկու մոդել` ՋԱԽՋԱԽՈՒՄ կամ ՀՅՈՒԾՈՒՄ: Այլ լուծումներ դեռ մարդկությանը հայտնի չեն: Իհարկե, ամեն ինչ որոշել է ռազմավարությունը, կամ, պարզ ասած, ռեսուրսներն ու դրանց օգտագործման հմտության արվեստը: Եթե ինչ-որ մեկն ունի անսահմանափակ կամ դիմացինից անգամներ մեծ ռեսուրսներ ու հատկապես նաև դրանք օգտագործելու լավ ավանդույթներ, ապա այդ կողմը ավելի հավանական է, որ կընտրի հյուծման ռազմավարությունը: Ռեսուրսներ ունեցողը, անգամ` ոչ լավ կառավարման մշակույթի դեպքում, կնախընտրի այս ճանապարհը, քանի որ այլ ելք ուղղակի չի ունենա: Եթե մյուսն ունի ավելի սակավ ռեսուրսներ, ապա կամա, թե ակամա կնախընտրի ջախջախման մոդելը, որն այլ կերպ ռազմական գործում անվանում էին մեկ, գլխավոր ճակատամարտի պատերազմ: Իհարկե, հենց մեկ ճակատամարտով պատերազմները անցյալում են, սակայն մոտեցումն այնքան էլ չի փոխվել:

Ջախջախումը ավելի սակավաթիվների, սակայն ավելի պատրաստվածների ճանապարհն է: Ժամանակի ընթացքում կյանքը սուղ միջոցներ ունեցողներին եթե չի կործանում, ապա սովորեցնում է լինել ավելի հաշվենկատ, ավելի որակյալ, ավելի պատրաստակամ: Բազում պատմական օրինակներից զատ` այս օրինաչափությունը մենք տեսել ենք նաև Արցախյան պատերազմում: Ջախջախման մոդելի կրողները ունեն ավելի կոմպակտ ստորաբաժանումներ ու զորամիավորումներ, ավելի արագաշարժ զորքեր, ավելի ճկուն կառավարման համակարգ և այլն: Հենց այս պատրաստակամներն էլ, որպես կանոն, զարգացնում են գիտությունը, այդ թվում` նաև ռազմական գիտությունը: Հենց նրանք էլ լինում են հարձակման ու նվաճումների անգերազանցելիները:

Եթե հին աշխարհից ու միջնադարից շատ օրինակներ չբերեմ, բավական է միայն նշել մի քանի օրինակ` Մակեդոնացի, Հաննիբալ, Նապոլեոն և այլն: Նրանք վարում էին բացառապես հարձակողական պատերազմներ: Իհարկե, հակադարձողները կասեն, որ Հռոմը, մոնղոլներն ու արաբներն էլ են եղել հարձակվողներ, սակայն` մեծ միջոցներով, բայց հարցն այստեղ ժամանակն է: Վերջիններս իրենց նվաճումներն արել են տասնյակ ու անգամ հարյուր տարիներով, իսկ առաջինները մեկ տասնամյակից էլ քիչ ժամանակում:

Նապոլեոնյան դարաշրջանից հետո ռազմական ասպարեզ իջած գերմանական ռազմական համակարգը ուղղակի որակյալ սակավաքանակության լավագույն դրսևորումների ոսկե օրինակ է: Այն, ըստ էության, իրեն հավասարը չուներ փոքր քանակով ու արագության մեջ: Երկու համաշխարհայիններում գերմանական ռազմական մեքենան տապալվեց միայն 6-8 անգամ գերազանցող ուժերի հյուծման կռվում: Այնպիսի կռվում, երբ նրան ստիպեցին երկարաժամկետ մտնել խրամատ: Խրամատը փոքր, շարժունակ ու արհեստավարժ բանակների համար դառնում է գերեզման:

20-րդ դարի ընթացքում, ռազմական ավանդույթների առումով, գերմանական օրինակը ունեցավ հիանալի կրկնություններ` հատկապես` ճապոնական և իսրայելական բանակների օրինակով: Երկու դեպքում էլ սակավ ռեսուրսներով երկրներն ուղղակի անհաղթահարելի են իրենց հարևան, մրցակիցների համար, որոնք ունեն ավելի մեծ ռեսուրսներ: Երկու դեպքում էլ նրանք անհասանելի էին մրցակիցների համար, քանի դեռ գործում էին արագագործ հարձակման մեջ: Հենց մտան խրամատ, մի դեպքում եղավ պարտություն, մյուս դեպքում պարտությունից հնարավոր եղավ խուսափել` կրկին անցնելով շարժունակ գործողությունների:

Դժվար չէ նկատել, թե մեր դեպքում, ով է ավելի սուղ միջոցներովը, ով է ավելի մեծ միջոցների տիրապետում, և ով է ավելի շատ որակին անդրադառնում: Մեզ համար ևս կենսական է որակապես մշտապես լինել մի քանի քայլ առաջ:

 

Պատմական օրինակները

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում տեղի ունեցած պատերազմներում գրեթե միշտ ավելի սակավ, սակայն ավելի կոմպակտ, ավելի արհեստավարժ ու ավելի կազմակերպված բանակները գրեթե միշտ հաղթանակ են տարել դասական կամ, այլ կերպ ասած, կոնվենցիոնալ պատերազմներում: Լավագույն օրինակները չին-վիետնական, արաբա-իսրայելական, ֆոլկլենդյան և իրաքյան պատերազմներն են: Սակայն ռազմարվեստի տեսանկյունից մեզ համար նշանակալի են հատկապես արաբա-իսրայելական պատերազմները: Այս պատերազմները ուսանելի են մեզ համար, քանի որ ընթացել են ուժերի անհավասար պայմաններում և ռազմավարական ու օպերատիվ իրավիճակներով շատ նման են մեր իրավիճակին: 1947-1949թթ. և 1956-1957թթ. պատերազմներում պարտություններից հետո արաբական աշխարհը, հատկապես` Եգիպտոսն ու Սիրիան անթաքույց զինվում էին ու հայտարարում, որ մի օր ուղղակի աշխարհի երեսից ջնջելու են Իսրայելը: Սպառազինվում էին շնորհիվ ԽՍՀՄ-ի անսահման օգնության: 1967թ. դրությամբ այդ օգնության շնորհիվ ուժերի հարաբերակցությունը հասել էր 1:6-7` հօգուտ արաբների:

Իսրայելական բանակը, փաստորեն չսպասելով, որ ուժերի հարաբերակցությունը հասնի կրիտիկականի, նախահարձակ եղավ և անակնկալ գործողություններով կարողացավ չեզոքացնել վտանգը:

Մինչև պատերազմը իսրայելական բանակը փորձեց վերազինվել ժամանակակից զենքերով, սակայն դա չէր հաջողվել մինչև վերջ: Բանակում հաշվվում էր 275.000 մարդ, մոտավորապես 800 տանկ, 280 ինքնաթիռ, որոնցից միայն 90-ը կործանիչ էին (72-ը ժամանակակից կործանիչ էին, իսկ մնացածը` հիմնականում հին կործանիչների հիման վրա ձևափոխված ռմբակոծիչներ)[1], 26 մարտական նավ, սակայն այդ ուժերը 3-4 անգամ զիջում էին եգիպտական ուժերին: Եգիպտոսն ու Սիրիան ամեն կերպ զինվում էին ու հայտա­րարում, որ սա ուղղված է Իսրայելի դեմ, և իրենք պարտության են մատնելու հրեական պետությանը:

Իսրայելը նախատեսում էր օդուժի, զրահատանկային ու մեքենայացված զորքերի մի քանի զանգվա­ծային հարվածներով 3-4 օրում վճռական արդյունքների հասնել: Հունիսի 5-ին` Իսրայելի ժամանակով ժամը 07:45-ին, հնչեցին քաղաքացիական պաշտպանության ահա­զանգերը, Իսրայելի օդուժն սկսեց «Ֆոկուս» գործողությունը:

Եգիպտական ուժերը Սինայում բաղկացած էին 7 դիվիզիայից` 4 տանկային, 2 հետևակային և 1 մո­տոհետևակային: Ընդհանուր` Եգիպտոսը Սինայում ուներ մոտավորապես 100.000 զորք և 900-950 տանկ` թիկունքից պաշտպանված 1100 տանկով և այլ զրահամիջոցներով ու 1000 հրետանային միջոցներով[2]: Սա, խորհրդային օպերատիվ արվեստի կանոններով, երկշարակազմ դասավորություն էր, որտեղ մեքենայացված զրահապատ միավորումները մարտավարական խորության վրա ապա­հովում էին դինամիկ պաշտպանություն և հակագրոհելու հնարավորություն, մինչդեռ հետևակային ստո­րա­բաժանումները մասնակցում էին պաշտպանական առաջին շերտի մարտերին:

Իսրայելի զորքերը, որոնք կենտրոնացած էին Եգիպտոսի հետ սահմանին, ընդգրկում էին 6 տան­կային խմբավորում, 1 հետևակային խումբ, 1 մոտոհետևակային միավորում, 3 պարաշյուտիստ-դեսան­տա­յինների խումբ: Այս խմբերը հավասար էին բրիգադների, ընդհանուր առմամբ` 70.000 զինծառայող և 700 տանկ, որոնք ընդգրկված էին 3 դիվիզիայում: Պատերազմի նախորդ գիշերը նրանք ծածուկ կուտակվել էին սահմանին` քողարկելով իրենց և պահպանելով ռադիոլռություն:

Ռազմագործողության մտահղացումն էր` անակնկալի բերելով եգիպտական ուժերին և´ ժամանակի (հարձակումը ճշտորեն պետք է համապատասխաներ Իսրայելի օդուժի հարձակմանը եգիպտական օդա­նա­­վակայանների վրա), և´ տեղանքի (հարձակվելով Սինայի հյուսիսային և կենտրոնական ուղեգծերով` հա­կառակ Եգիպտոսի` 1956թ. պատերազմի կրկնության ակնկալիքների, երբ Իսրայելի պաշտպանական ուժե­րը հարձակվել էին կենտրոնական և հարավային ուղղություններով), և´ մեթոդի (օգտագործելով համակցված ուժերի թևային ու շրջանցող հարվածները) առումներով` զարգացնել շեշտակի հարձակում դեպի Սինայի խորքը:

Ամենահյուսիսային իսրայելական ստորաբաժանումը, որը բաղկացած էր 3 խմբավորումից և ղեկա­վարվում էր Իսրայելի ամենանշանավոր հրամանատարներից մեկի` գեներալ-մայոր Իսրայել Թալի կող­մից, հատեց սահմանը երկու կետից` հակադիր Նահալ Օզին և Խան Յունիսից հարավ: Նրանք սրընթաց առաջացան` չդադարեցնելով կրակը` նպատակ ունենալով առավելագույնս օգտվել անակնկալ հարվածի արդ­յունքից: Թալի զորքերը գրոհեցին «Ռաֆահ Գեփը»` յոթ մղոնանոց տարածություն, որն ընդգրկում է երեք երթուղիներից ամենակարճը` Սինայի միջով դեպի Էլ Քանթարահ, Էլ Շարքիյյա և Սուեզի ջրանցք: Եգիպտացիները տարածքում ունեին 4 գնդերին հավասար ստորաբաժանում` պաշտպանված ականադաշ­տե­րով, գետնատնակներով, ստորգետնյա բունկերներով, թաքնված զենքերի կրակակետերով և խրամատ­ներով: Երթուղու երկու կողմերի տարածությունները անանցանելի էին: Իսրայելի ծրագիրն էր հարվածել եգիպտացիներին կենտրոնացված զրահատեխնիկայով ընտրված վայրերում[3]:

Թալի առաջխաղացումը ղեկավարվում էր գնդապետ Շմուել Գոնենի ենթակայության տակ գտնվող 7-րդ խառը զրահախումբը: Այս խմբի համար Իսրայելի նախատեսած ծրագիրն էր հյուսիսից խորա­մանկելով ներխուժել Խան Յունիս: 60-րդ զրահավոր խմբավորումը, գնդապետ Մենաչեմ Ավիրամի ղեկա­վարությամբ, պետք է ներխուժեր հարավից: Երկու խմբավորումները պետք է միանային և շրջապատեին Խան Յունիսը, մինչդեռ պարաշյուտիստները պետք է գրավեին Ռաֆահ Գոնեն` բեկումնալից գրոհը վստա­հելով խմբավորման` ընդամենը մեկ գումարտակի[4]:

Ի սկզբանե առաջխաղացումը հանդիպեց չնչին դիմադրության, քանզի եգիպտական հրամանատա­րու­թյունը եզրակացրել էր, թե դա գլխավոր հարձակման համար նախատեսված դիվերսիա էր: Ինչևէ, երբ Գոնենի ղեկավարած գումարտակն առաջացավ, անսպասելիորեն հայտնվեց ուժգին կրակի տակ և ծանր կորուստներ կրեց: Կռվում ներգրավվեց նաև երկրորդ գումարտակը, որը, սակայն, նույնպես ճնշվեց: Իսկ այդ ժամանակ 60-րդ խմբավորումը թաղվեց ավազներում, նույն ժամանակ պարաշյուտիստները խնդիրներ ունեցան ավա­զա­թմբերի միջև կողմնորոշվելու հարցում: Իսրայելցիները շարունակեցին հարձակումը և, չնայած ծանր կորուստներին, մաքրեցին եգիպտական դիրքերն ու հասան Խան Յունիսի երկաթուղու հանգույց ավելի քիչ, քան չորս ժամում[5]:

Այնուհետև Գոնենի խմբավորումը զույգ շարասյուներով առաջացավ ինը մղոն դեպի Ռաֆահ: Հենց Ռա­ֆահը շրջանցվեց, և իսրայելցիները գրոհեցին ութ մղոն դեպի հարավ-արևմուտք գտնվող Շեյխ Զուվեյ­դը, որը պաշտպանվում էր երկու խմբավորման կողմից: Թեև եգիպտացիները զիջում էին քանակով և սպառազինությամբ, նրանք խրամատավորվեցին և քողարկվեցին: Իսրայելցիները հետ շպրտվե­ցին եգիտական կատաղի դիմադրությունից և ստիպված եղան օդային ու հրետանային օգնություն կանչել, որպեսզի հնարավոր դարձնեն իրենց առաջատար տարրերի շարժը: Շատ եգիպտացիներ լքեցին իրենց դիրքերը այն բանից հետո, երբ նրանց հրամանատարները և անձնակազմից ևս մի քանիսը զոհվեցին:

Իսրայելցիները ճեղքեցին դիմադրությունը տանկերի գրոհների միջոցով: Մթնշաղին իսրայելցիներն արդեն վերջնականապես կոտրել էին դիմադրությունը: Իսրայելի ուժերը նշանակալի կորուստներ ունեցան, որոնց մասին գնդապետ Շ. Գոնեն հետագայում լրագրողներին հայտնել էր. «Մենք շատ վառված տանկեր և մահացած զինվորներ թողեցինք Ռաֆահում»: Եգիպտացիներն ունեցան մոտավորապես 2.000 զոհ և կորց­րին 40 տանկ:

Իսրայելական ուժերը բաց ճանապարհով շարունակեցին առաջխաղացումը դեպի Արիշ: Արդեն ուշ երեկոյան 79-րդ տանկային գումարտակի ուժերն անցան Ջիրադի կիրճով` յոթ մղոն երկարությամբ, որը պաշտպանվում էր եգիպտական 112-րդ հետևակային գումարտակի` լավ տեղակայված զորքերի կողմից: Եգիպտացիներն ունեցան շատ զոհեր և ծանր տանկային կորուստներ, մինչդեռ Իսրայելը` ավելի քիչ կո­րուստներ: Իսրայելական բանակն սկսում էր ավելի արհեստվարժ ու գրագետ հաջողություններ ունենալ: Հաս­նելով արևմտյան եզրին` իսրայելական ուժերն առաջացան դեպի Արիշի ծայրամասերը, որտեղ էլ Թա­լի ստորաբաժանումն ամրապնդեց իր դիրքերը Ռաֆահում և Խան Յունիսում:

Հաջորդ օրը Արիշի ծայրամասերում տեղակայված Իսրայելի ուժերը փոխարինվեցին 7-րդ խմբավոր­մամբ, որն իր ճամփան հարթեց Ջիրադի արահետով: Օդային ճանապարհով օգնություն ստանալուց հետո իսրայելցիները մտան քաղաք և գրավեցին օդանավակայանը: Եգիպտացիները կրակում էին տանիքներից, պատշգամբներից ու պատուհաներից[6]: Գոնեն Արիշ ուղարկեց օգնական միավորումներ, և քաղաքը վերջնականապես գրավվեց:

Գեներալ-մայոր Արիել Շարոնի գլխավորած 38-րդ տանկային դիվիզիան հարավում հարձակվեց Ում-Կատեֆի վրա, որը գեներալ-մայոր Սաադի Նագիբի ենթակայության տակ գտնվող 16.000-անոց զորքի` եգիպ­տական երկրորդ հետևակային դիվիզիայի կողմից պաշտպանվող, գրագետ ամրակայված տարածք էր: Եգիպտացիներն ունեին նաև կործանիչ տանկերի գումարտակ և տանկային գունդ, որն ընդգրկում էր 90 միավոր «T-34-85» տանկեր, 22 միավոր «СУ-100» հակատանկային միջոցներ և մոտավորապես 16.000 զինծառայող: Իս­րայելցիներն ունեին մոտավորապես 14.000 զինծառայող և 150 տանկ, ներառյալ` «AMX- 13», «Centurions» և «M50» «Super Sherman» (նորացված «M-4» «Sherman տանկեր»):

Հաջորդող երկու օրերին (հունիսի 6 և 7) բոլոր երեք իսրայելական դիվիզիաները (Շարոնը և Թալը ամ­րապնդվեցին զրահավոր խմբավորմամբ) շտապեցին արևմուտք: Շարոնի դիվիզիան օդային աջակցու­թյամբ նախ շարժվեց դեպի հարավ, ապա դեպի արևմուտք` Ան Նախլով դեպի Միտլա Փասս: Նրա մի մասը այնտեղ միացավ Յոֆֆեի դիվիզիային, իսկ մյուս միավորումները փակեցին Գիդի կիրճը: Այս կիրճերը եգիպ­տացիների համար դարձան մահվան կիրճեր: Համաձայն եգիպտացի դիվանագետ Մահմուդ Ռիադի` միայն մեկ օրում սպանվել է 10.000 զինծառայող, իսկ շատերն էլ մահացել են սովից ու ծարավից:

Թալի միա­վորումները կանգ էին առել Սուեզի ջրանցքի երկայնքով ձգվող ճանապարհի տարբեր տեղերում: Իսրայելի արգելափակման գործողությունները մասամբ հաջողված էին: Միայն Գիդի կիրճը, մինչ եգիպտացիները կմոտենային դրան, արդեն գրավված էր, բայց մյուս վայրերում եգիպտացիներին հաջողվեց անցնել կիրճերի միջով և հատել ջրանցքը, որը նրանց համար փրկության գոտի էր դարձել: Եգիպտական նահանջի շտապողականության պատճառով զինվորները հաճախ թողնում էին զենքեր, ռազմական տեխնի­կա և հարյուրավոր տրանսպորտային միջոցներ: Շատ եգիպտացի զինվորներ, կտրված լինելով իրենց միա­վո­րումներից, ստիպված էին լինում սահմանափակ ուտելիքի և ջրի պաշարներով քայլել մոտավորապես 200 կմ` մինչև կհասնեին Սուեզի ջրանցքին:

Հունիսի 7-ին Իսրայելն սկսեց Շարմ Էլ Շեյխի գրավումը: Իսրայելական ծովուժն սկսեց գործողու­թյունը եգիպտական ծովուժի հետախուզմամբ: Երեք հրթիռային նավեր մոտավորապես 4:30-ին կրակ բա­ցեցին եգիպտական ափամերձ մարտկոցների վրա, մինչ պարաշյուտիստներն ու կոմանդոսները պատ­րաս­տում էին ուղղաթիռներն ու «Նորդ Նորատլաս» տրանսպորտային օդանավը Ալ Տուրի վրա հարձակման հա­մար:

Քաղաքը մեծ մասամբ դատարկվել էր նախորդ օրը և շատ արագ գրավվեց: Պաշտպանության նա­խարար Դայան 12:15-ին հայտարարեց, որ Տիրանի նեղուցը` որպես միջազգային ծովային ուղի, բաց է անխտիր բոլոր նավերի համար[7]:

Հունիսի 8-ին Իսրայելը, հետևակային միավորումներ ուղարկելով Ռաս Սուդար թերակղզու արևմտյան ափ, ավարտեց Սինայի գրավումը:

Իսրայելական բանակի հաջողության գրավականը անակնկալ հարձակման մեջ էր: Իսրայելական բա­նակը, չնայած իր տեխնիկայի հին լինելուն և բազմազանությանը, լայնորեն կիրառում էր նորարարական մարտավարական հնարքներ: Սրան, իհարկե, պետք է գու­մարել իսրայելական բանակի համագործակցված, լավ կառավարվող կապը և դրանց թերացումը եգիպտա­կան զորքերում:

ՑԶ-ները լայնորեն կիրառեցին շրջանցումները, ուղղաթիռներով ճակատից ոչ մեծ հեռավորություն­նե­րի վրա դեսանտների իջեցումը, ինչպես նաև տանկային շարասյուներով այն տեղամասերում ճեղքումը, որոնք համարվում էին տանկերի համար անանցանելի և չէին զբաղեցված զորքերի կողմից: Տանկային զոր­քերը, ընդ որում` ավելի քիչ և հին ամերիկյան ու անգլիական տանկերով երեք-չորս շարասյուներով` մեկը ծովեզրով, երկուսը` Սինայի միջին մասով, որոնք համարվում էին անանցանելի տեղանք, իսկ մյուսը` ամուր պաշտպանության պատճառով, ճեղքումներ իրականացրին և հասան Սուեզի ջրանցք: Երեք օրում իս­րայելական ուժերը ճեղքեցին ու դուրս եկան եգիպտական զորքերի թիկունք և շրջապատեցին ԱՄՀ-ի զորքերի նահանջ սկսած խմբավորումներին:

Հորդանանի դեմ պատերազմն սկսվեց հունիսի 6-ի առավոտյան` օդուժի զանգ­վա­ծային հարվածնե­րով, իսկ միավորումները շարժվում էին հյուսիսից, արևմուտքից և հա­րա­վից դեպի Նաբլուս` հիմնական խմբավորումը մասնատելու և ջախջախելու համար: Հար­ձակումը կանգնեցնել չհաջողվեց, և երկրի հյուսիս-արևմուտքի զորքերը ջախջախվեցին արդեն հունիսի 7-ի երեկոյան:

Հունիսի 9-ին հարձակում սկսվեց դեպի Սիրիա` Դամասկոսի ուղղությամբ: Հունիսի 10-ին վեր­սկսված հարձակման արդյունքում իսրայելցիները խորացան մինչև 26 կմ՝ սահ­մանամերձ լեռների հետևում հասնելով սարահարթին, բայց այս բնագծում մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 13-ը:

Հունիսի 10-ին ԱԽ-ն սպառնաց սանկցիաներ կիրառել, ու դրանից հետո ռազմական գործողություն­­ները դադարեցվեցին:

Իսրայելը հրաժարվեց կատարել այս որոշումը և ձեռնամուխ եղավ օկուպացված տարածքների շա­հա­գործ­­մանը: Սկսվեցին ռազմական բնակավայրերի կառուցումներ Սի­նա­յում, Հորդանանի արևմտյան ափին և Գոլանի բարձունքներում:

Այս պատերազմը պատմության մեջ մտավ «Վեցօրյա պատերազմ» անունով: Դրա ընթացքում իսրա­յե­լական զորքը գրավեց 70.000կմ2 տարածք` ավելի քան 1 մլն բնակչությամբ:

1967թ. օդային դասական պատերազմ տեղի ունեցավ: Իսրայելական ՀՕՊ զորքերը մինչև 1965թ. գործում էին որպես առանձին զորատեսակ: Նույն թվակա­նին իսրայելական ԶՈՒ-ն, ստանալով ամերիկյան «HAWK» զենիթահրթիռային համալիրները (այսուհետև` ԶՀՀ), անցավ զորատեսակների ամերիկյան կառուցվածքին: Այսինքն` ՀՕՊ զորքերը ենթարկվեցին ՌՕՈՒ-ին[8]: Ցամաքային զորքերի հաջողությունը հնարավոր եղավ միայն օդային գերակայության շնորհիվ, որն էլ ապահովեցին առաջին հերթին իսրայելական կործանիչները:

Սա այն դասական դեպքերից էր, երբ ավելի փոքր ուժեր և միջոցներ ունեցողը չսպասեց մինչև ուժերի հարաբերակցությունը դառնա կրիտիկական և ի վնաս իրեն ու կանխարգելիչ հարձակմամբ ծնկի բերեց հակառակորդներին:

Այս հաղթական պատերազմին հակառակ` Իսրայելը մեծ խնդիրներ ունեցավ 1973թ. «Դատաստանի օրվա» պատերազմում: 1973թ. հոկտեմբերի 6-ին ծագած պատերազմը չորրորդն էր արաբական պետությունների և Իսրայելի միջև: Սա ամենամեծ արաբա-իսրայելական պատերազմն էր` թափով, ինտենսիվությամբ, տեխնիկայի կի­րառ­ման ծավալով: Այս պատերազմից առաջ իսրայելական հետախուզությունը ուներ տվյալներ, որ արաբական երկրները պատրաստվում են, նոր ու լայնածավալ պատերազմի: Դրան հակառակ` իսրայելական հանրության մեջ պատերազմի նկատմամբ տեղի էր ունեցել վերաբերմունքի փոփոխություն, ձգտում կար ամեն կերպ հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Որպես դրա արդյունք` նաև երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ուներ որոշումների կայացման դանդաղկոտություն ու անվճռականություն: Սրանք եղան հիմնական պատճառները, որ եգիպտական և սիրիական բանակների հարձակումները ինչ-որ առումով եղան անակնկալ ՑԱՀԱԼ-ի համար: Արդյունքում` Իսրայելը մեծ զոհեր տվեց, մեծ դժվարություններ ունեցավ, մինչև կարողացավ իրավիճակը փոխել: Մինչ օրս Իսրայելի հանրության մեջ այս պատերազմում տարած հաղթանակի հետ կան տարբեր մոտեցումներ և ոչ միանշանակ ընկալում:

Չնայած նախորդ փուլի ակնհայտ պարտությանը` կողմերն իրենց նպատակներից չէին հրաժարվում, մասնավորապես` խորհրդային կողմը: Կորուստներից հետո դարձյալ բեռնավորված նավերն ու ինքնաթիռ­նե­րը ուղևորվում էին փարավոնների երկիր և այլ արաբական պետություններ: Արաբները դեռ երազում էին հաղթանակի մասին: Խորհրդային ռազմական օգնությունը դարձյալ ավելի մեծ էր նախորդ անգամներից: 1973թ. հոկտեմբերի 6-ին առաջին անգամ արաբական երկրներին հաջողվեց Իսրայելին անակնկալի բերել: Այս անգամ արաբներն էին հարձակվել, և պատերազմի առաջին մի քանի օրը թվում էր, թե նրանց հաջողվում է կոտրել «անիծյալ օրինաչափությունը»: Դրանում համոզված էին նաև խորհրդային զինվո­րա­կանները, որոնք առաջին անգամ Սառը պատերազի ընթացքում հասել էին որոշակի առավելության[9]: Նախկինում միշտ իսրայելական ԶՈՒ-ն հաղթանակ էր տանում արաբների նկատմամբ: Հաղթանակը միշտ լինում էր բացահայտ, և դրանում միշտ էլ նշանակալի դեր էին ունենում ՕՀՄ-ները: Իսրայելը գերա­զան­ցապես օգտագործում էր արևմտյան տեխնոլոգիաներ, օգտվում էր արևմտյան ռազմական մտքից, սակայն սեփական ներդրման մասին չէր մոռանում:

1973թ. «Դատաստանի օրվա» պատերազմում շատ բան նման էր նախորդներին, սակայն կային նաև տարբերություններ: Հակառակորդները զինված էին նույն ամերիկյան ու խորհրդային զենքերով և բանեց­նում էին գրեթե նույն մարտավարությունը: Եգիպտոսը և Սիրիան, որ միասին հարձակվել էին Իսրայելի վրա, ունեին մոտավորապես 4.000 հրասայլ, 2.000 միավոր հրետանային միջոցներ և 1 միլիոնից ավելի զորք, ինչը իսրայելական ցամաքային զորքերից ավելին էր 2-5 անգամ[10]: Հիմնական հարձակողական մի­ջոց­ներով` մեքենայացված զորամիավորումներով, գերազանցում էին 5-6 անգամ: Եգիպտական կողմը զին­ված էր ավելի շատ: Նրանց սպառազինությունը վերջին սերնդի խորհրդային միջոցներ էին` հրետանային, հրասայլեր, ղեկավարման համակարգեր, հրթիռներ և այլն:

Հարձակումն սկսվեց հոկտեմբերի 6-ի կեսօրին: Առաջին հարվածն Իսրայելի համար անակնկալ եղավ: Արաբներն սկզբում նույնիսկ որոշակի հաջողություն արձանագրեցին օդային մարտերում, որոնցով շատ էին ոգևորված: Կան փաստող բազմակի ապացույցներ, որ առաջին օրերին իսրայելական օդուժը լուրջ կորուստներ է կրել` մինչև երկու-երեք տասնյակ ինքնաթիռներ: Բար-Լևի բնագիծը հաղթահարվել էր հրե­տանու, օդուժի և հատուկ նշանակության զորքերի խելամիտ համագործակցությամբ: Զորքերը շատ գրա­գետ էին գործում և փայլուն մարզում էին անցել: Բար-Լևի բնագծում միայն մեկ հենակետ` «Բուդապեշտ»-ը, չհանձնվեց և մինչև պատերազմի ավարտն էլ մնաց առանց նվաճման: Արդեն հաջորդ օրը, Սուեզը անցնե­լով Սինայի թերակղզում` 10-20 կմ մարտավարական խորության վրա, Եգիպտոսն ուներ մոտավորապես 90.000 զորք, 1.000 հրասայլ, և կոմանդոս գումարտակները թիկունքում գրավել էին կարևոր հաղորդակ­ցու­թյան ուղիները: Իսրայելական առաջին հակահարվածը, որը հասցրեց Ա. Մենդլերի հրամանատարությամբ գործող 252-րդ զրահատանկային կանոնավոր դիվիզիան, ոչինչ չտվեց: Եգիպտացիները լավ դիրքեր էին գրա­վել ու խիտ կրակով դիմավորեցին իսրայելական երեք տանկային բրիգադներին: Եգիպտական զորքե­րին չափազանց մեծ քանակի հակատանկային միջոցներ էին տրամադրվել: Փաստացի, յուրաքանչյուր եր­րորդ զինվորն սպառազինված էր հակատանկային նռնականետով կամ հակատանկային հրթիռային հա­մա­լիրով, որոնք էլ առաջին իսրայելական տանկային գրոհը հետ մղեցին[11]: Դիվիզիայի ավելի քան 260 հրասայլերից 140-150-ը շարքից դուրս էին եկել կամ ոչնչացվել:

Նույն օրը` հոկտեմբերի 7-ին, մարտական գործողությունների շրջան հասան արդեն 143-րդ և 162-րդ պահեստային դիվիզիաները: Այդպիսով` Իսրայելը մարտական գործողությունների շրջանում արդեն ուներ մոտավորապես 400-500 հրասայլ: Այս ընթացքում իսրայելական օդուժը համառ փորձեր էր կատարում օդա­յին գերակայությունը իր ձեռքը վերցնելու համար, սակայն չէր ստացվում:

Հոկտեմբերի 8-ին կազմակերպած հակագրոհը ևս իսրայելական բանակին հաջողություն չբերեց: Եգիպ­տա­կան զորքերի առաջնագծում ահռելի քանակի հակատանկային միջոցներ էին կուտակված: Կո­րուստներն անգամ եգիպտական բանակին վստահություն ներշնչեցին, որ իրենք կարող են շարունակել հարձակումը, և փորձեցին: Արդյունքում` Արիել Շարոնի 143-րդ տանկային դիվիզիան մի կերպ կարողացավ կանգնեցնել արաբներին: Իսրայելական հրամանատարությունը փոփոխություններ և ուժերի վերախմբա­վո­րումներ կատարեց: Ռազմաճակատի հրամանատար նշանակվեց ԳՇ պետ, գեներալ Դավիդ Էլազարը: Եգիպ­տոսի զորքերը չէին կողմնորոշվում` առաջանա՞լ, թե՞ մնալ դիրքերում. հաջողությունները թյուրիմա­ցու­թյան մեջ էին գցել նրանց: Պաշտպանության նախարար Ահմեդ Իսմայիլ Ալին պնդում էր, որ հարկավոր է շարունակել հարձակումը, իսկ ՇՊ գեներալ Սաադ ալ Շազլին հանդիմանում էր` պնդելով, որ զորքերը չեն կարող դուրս գալ հզոր ՀՕՊ-ի խիտ գոտուց: Միանշանակ կողմնորոշում չկար նաև խորհրդային գեներալ­ների մոտ, որոնք իրականում կառավարում էին եգիպտական բանակը:

Նախագահ Սադատի ճնշման տակ եգիպտական զորքերը` 2-րդ և 3-րդ բանակներով (4-րդ և 21-րդ, 23-րդ զրահատանկային, 18-րդ, 19-րդ հե­տևակային, 6-րդ մոտոհետևակային դիվիզիաներով և բազմաքանակ այլ զորքերով), հոկտեմբերի 14-ին շա­րունակեցին հարձակումը: Դրանով երկրի նախագահը փորձում էր նաև օգնել դաշնակից Սիրիային, որի զորքերը չէին կարողանում առաջանալ: Եգիպտական հարձակումը շարունակվեց ամբողջ Սինայի թերա­կզում` վեց հիմնական ուղղություններով: 18-րդ հրաձգային դիվիզիան, ուժեղացված նորագույն «T-62» տան­կերի բրիգադով, Կանտարի ուղղությունից հարձակվեց դեպի Ռոմանի: Կենտրոնական հատվածում հարձակվում էր 21-րդ տանկային դիվիզիան, իսկ հարավում հատուկ նշանակության ջոկատները (նե­րառյալ 19–րդ հետևակային դիվիզիայի հետևակային բրիգադը, տանկային բրիգադը և 6-րդ մեքենայացված դիվիզիայի 113–րդ մեքենայացված բրիգադը) շարժվեցին դեպի հարավ` Ռաս-Սուդարի ուղղությամբ: Հար­ձակման երեք հյուսիսային ուղղությունները գտնվում էին գեներալ Սաադ Մամունի 2-րդ բանակի վերա­հսկողության տակ, որի շտաբը գտնվում էր Իսմայիլիայում։ Երեք հարավայինները` գեներալ Աբդ ալ Մու­նեմ Վասսելի 3–րդ բանակի վերահսկողության տակ, որի առաջխաղացման հյուսիսային ուղղությունը տա­նում էր արևելք` դեպի Ջիդդիի լեռնանցքը, և Ում-Կուշեյբեում իսրայելական հարավային ճակատի շտաբը։ Հարավային ուղղությունը տանում էր դեպի Ռաս-Սուդար[12]։

Հյուսիսում գեներալ Ա. Ադանը հետ մղեց եգիպտական զորքերի առաջին գրոհները, ինչի արդյունքում նրանք կորցրեցին մոտավորապես 50 հրասայլ: Կենտրոնում Շարոնի գրագետ պաշտպանություն կառու­ցած դիվիզիան հակագրոհ անցկացրեց, ինչի արդյունքում եգիպտական 1-ին մեքենայացված բրիգադը ոչնչացվեց, իսկ օրվա վերջում Շարոնի դիվիզիայի առջև կանգնած եգիպտական 21-րդ դիվիզիան կորցրեց 110 հրասայլ: Հարավում եգիպտական զորքերը նախատեսել էին թևանցում կատարել, սակայն գեներալ Կ. Մագենը պատրաստ էր նման խուսավարման և պաշտպանությունը կառուցել էր համապատասխան ճկու­նությամբ: Կատաղի ճակատամարտի արդյունքում ոչնչացվեց եգիպտական 4-րդ զրահատանկային դիվի­զի­ա­յի 3-րդ տանկային բրիգադի մեծ մասը, իսկ երբ եգիպտական տանկերը, կենտրոնացնելով մնացած ուժերը, փորձեցին շարժվել դեպի հարավ և դուրս եկան եգիպտական «հրթիռային անձրևանոցի» ծածկի տակից, ջախջախվեցին իսրայելական օդուժի կողմից[13]:

Սա դեռ վեց ուղղությամբ հարվածելու պահից արդեն ռազմավարական սխալ էր: Սակայն այդ բաց թողնված ժամանակը իսրայելական բանակը կարողացել էր ճիշտ օգտագործել: Եգիպտական զորքերի հար­­ձակումը տապալվեց, նրանք կորցրին մոտավորապես 250 հրասայլ: Հոկտեմբերի 15-ին իսրայելական ուժերը հակահարձակման անցան նաև եգիպտական ռազմաճակատում: Հարվածն ուղղվեց եգիպտական եր­կու բանակների ծայրակցատեղին: Իսրայելական բանակը առաջին հարվածով լայնորեն կիրառեց գրո­հող մոբիլ խմբերին, որոնք անակնկալի բերեցին եգիպտացիներին: Վերջիններս սպասում էին դասական հարված նախ օդուժով, հետո մասսայական տանկերով: Սակայն իսրայելական տանկերը լայնածավալ գրոհն սկսեցին միայն այն ժամանակ, երբ գրոհող մոբիլ խմբերը, որոնք իրենցից ներկայացնում էին լավ սպառազինված ու փորձառու ուժեղացված դասակներ ու վաշտեր, գրավեցին առաջին բնագծերը, առաջին խրամատները:

Զրահատանկային բրիգադներին, փայլուն համագործակցելով այդ գրոհող խմբերի հետ, հաջողվեց ճեղքել ռազմաճակատը և անցնել Սուեզի ջրանցքի արևմտյան ափը: Անցումը տեղի ունեցավ բավականին բարդ, քանի որ արևմտյան պետությունները Իսրայելին չէին վաճառում մեծ կամուրջներ: Իսրայելը նման երեսնամյա կամուրջներ գնել էր Ֆրանսիայում, որպես մետաղաջարդոն ու նորոգելով դարձրել կիրառման ենթակա: Հոկտեմբերի 17-ին Սուեզի ջրանցքի արևմտյան ափն անցած իսրայելական զրահատանկային դի­վիզիայի փոքր ուժերին հնարավոր էր հետ մղել, եթե եգիպտական և նրանց օգնող ալժիրյան զորքերը ժա­մանակին հակահարձակման անցնեին: Չնայած նրան, որ իսրայելական զինվորները ևս զինված էին ժամա­նակակից ամերիկյան հակատանկային նռնականետներով ու հրթիռային համալիրներով, միևնույն է հզոր ու կազմակերպված գրոհի դեպքում այդ ուժերը չափազանց փոքր էին: Բայց այդ, տեղի չունեցավ ան­կազ­մակերպվածության պատճառով: Ջրանցքն անցած առաջին իսկ դիվիզիան սրընթաց հարձակում զարգաց­րեց[14]: Ճիշտ է, իսրայելական 87-րդ հետախուզական դիվերսիոն գումարտակը Իսմայիլիա քաղաքի մոտ գլխովին ջախջախվեց, սակայն դա արդյունք էր այն բանի, որ իսրայելական հետախուզադիվերսիոն խմբե­րը չափազանց շատ էին խորացել եգիպտական զորքերի թիկունք և լուծում էին մեծ խնդիրներ` զորքերի մա­տակարարումների խափանումներ, պահեստազորային ուժերի ոչնչացում, անգամ ՀՕՊ դիվիզիոնների ոչնչացում և այլն[15]: Արդեն հոկտեմբերի 19-ին ջրանցքի վրա կար չորս կամուրջ, որոնցով մինչև հոկտեմ­բերի 22-ը Իսրայելը ջրանցքի արևմտյան ափ տեղա­փոխեց ևս 7 զրահատանկային դիվիզիա և զգալի տա­րածքներ գրավեց[16]: Վտանգ էր ստեղծվել` լայնածավալ հարձակում իրականացնել դեպի Եգիպտոսի մայ­րա­քաղաք:

Հիմնական դերը կրկին կատարեց օդուժը, որն իր գերակայությամբ ուղղակի ապահովեց տանկային դիվիզիաների գրագետ և սրընթաց հարձակումները:

Եգիպտական բանակը թույլ տվեց մի քանի ռազմավարական և օպերատիվ սխալներ:

1. Իրականացնելով իսրայելական պաշտպանության փայլուն ու անակնկալ մարտավարական ճեղ­քում, նախաձեռնությունը չփորձեց իր ձեռքը պահել և ի սկզբանե նախապաշար­մունք­ներ ուներ իսրայե­լա­կան հակահարձակումից: Զորքերն ավելի շատ պաշտպանության էին անցել, քան փորձում էին շարու­նա­կել հետագա հարձակումը: Այսինքն` առաջնային խնդրի կատարումից հետո անցան պաշտպանության, և հետագա հարձակումները մարտավարական բնույթի էին:

2. Ժամանակ կորցրեց, որով իսրայելական կողմին ուժերը մոբիլիզացնելու և իրավիճակը շտկելու հնա­րավորություն տվեց:

3. Նախնական հաջողությունները չզարգացրին հատկապես օդուժի հարցով: Ունենալով հզոր ՀՕՊ աջակցություն` նրանք չփորձեցին ինտենսիվ աշխատել վերջնական օդային գերակայության ապահովման համար:

4. Հարձակման երկրորդ փուլն սկսեցին միանգամից վեց ուղղությունով` կորցնելով հիմնական հար­վածի ուղղությամբ իրենց հիմնական առավելությունը` քանակական գործոնը:

5. Իսրայելի կողմից չսպասելով մարտավարական նոր լուծումներ` պաշտպանությունը կառուցել էր միայն անցյալի փորձի հիման վրա, իսկ սեփական զորքերի մարտավարական ճկունությանը ուշադրու­թյուն չէր դարձրել:

Հատկանշական է, որ գլխավոր ճակատամարտի օրը իսրայելական բանակի ՇՊ, գեներալ Դավիդ Էլա­զա­րը հեռագրեց երկրի վարչապետ Գոլդա Մեյերին. «Գոլդա, ամեն ինչ կարգին կլինի, մենք կրկին մենք ենք, իսկ իրենք` կրկին իրենք»:

Սիրիական ռազմաճակատում պատերազմական գործողություններն առաջին իսկ օրից մինչև պատե­րազ­մի ավարտն ավելի սաստիկ բնույթ ստացան: Դա հասկանալի էր, քանի որ սիրիական ճակատից Իս­րա­յելը ավելի շատ էր վտանգված: Սիրիական բանակի 6-7-անգամյա քանակական առավելությունը և խորհրդային բանակի հրամկազմի առկայությունը ոչինչ չտվեցին: Այստեղ տեղի է ունեցել ԵՀՊ-ից հետո ամե­նամեծ տանկային ճակատամարտը, որտեղ արաբական կողմից մասնկացում էին մոտավորապես 1300 խորհրդային նոր «T-55» և «T-62» հրասայլեր: Դրանց դիմակայում էին ընդամենը 180 իսրայելական հրա­սայլեր[17]: Այսինքն` սիրիական բանակը իր առջև դրել էր ռազմավարական խնդիր` գրավելով Հոլանի բար­ձունքները` դուրս գալ Իսրայելի կենսական նշանակություն ունեցող տարածքներ և սպառնալ պետության վերացմանը: Սինայի թերակղզու մարտական գործողությունները Իսրայելից բավական հեռու էին, այդ իսկ պատճառով նույնքան վտանգավոր չէին պետության համար, որքան մարտերը Հոլանի բարձունքներում: Եթե իսրայելական պաշտպանությունը Հոլաններում ճեղքվեր, ապա սիրիական զորքերը առանց որևէ խոչ­ըն­դոտի մի քանի ժամում կհայտնվեին երկրի կենտրոնում:

Սիրիական բանակը մարտական գործողությունների սկզբում Հերմոն լեռան վրա ուղղաթիռներով «Կոմանդոս» խումբ էր իջեցրել, որն արագորեն գրավել էր այնտեղ տեղակայված հզոր ՌՏԿ-ն և պաշտ­պա­նական համակարգը:

Շարունակելի

Վան Սեբաստացի


[1] М.Спик. Истребители Асы…, стр. 253; М.А. Жирохов. История ВВС Израиля. М.-Минск, 2001, стр. 157.

[2] Pollack 2004, p. 59.

[3] M. Oren, 6 days of war, electronic edition, Section "The War: Day One, June 5", p. 178

[4] Oren, p. 180

[5] Oren, p. 181

[6] Oren, p. 202; Six Day War". Israeli-weapons. Retrieved February 1, 2012.

[7] Oren, p. 248.

[8] А.Алексеев. Военно-воздушные силы и ПВО Израиля, ЗВО, 2.2002, стр. 28; О. Грановский, Войска ПВО АОИ. http://www.isayeret.com/units/air/7298/article.htm, http://www.isayeret.com/units/air/egrophan/article.htm, http://www.iaf.org.il/
[9] Սա այն ժամանակ էր, երբ եվրոպայում խորհրդային զորքերը լուրջ անհանգստություն էին պատճառում Հյուսիսատլանտյան դաշինքին: Այնտեղ հաշվում էին, որ խորհրդային տանկային լավաները մի քանի օրում կարող են հասնել մինչև Լա-Մանշ:

[10] Шиф, Зеев. Землетрясение в октябре. Изд. «Наша библиотека», 1975, стр. 25-70.

[11] Саад эль-Шазли «Форсирование Суэцкого канала». - М. : Библос-консалтинг, 2008, стр. 228-257.

[12] Field Marshal El-Gamasy. The October War: Egypt.– December, 1993, pp. 264-290.

[13] Dr. George W. Gawrych The 1973 Arab-Israeli War: The Albatross of Decisive Victory, pp. 56–57

[14] George Gawrych. The Albatross of Decisive Victory: War and Policy Between Egypt and Israel in the 1967 and 1973 Arab-Israeli Wars. Greenwood Publishing Group. 2000. pp. 220-230.

[15] The Yom Kippur War: The Epic Encounter That Transformed the Middle East. Schocken. Abraham Rabinovich. 2005. pp. 400-477.

[16] Նույն տեղում:

[17] Edgar O'Ballance. No Victor, No Vanquished: The Yom Kippur War(1979 ed.). Barrie & Jenkins Publishing. Chapter 7: "The Syrians attack", pp. 119–146.

website by Sargssyan