ԱՄՆ դատարանը մեղադրանքներ առաջադրեց ռուս կնոջը
Միացյալ Նահանգների դատարանը ռուսական կառավարության գործակալ լինելու և
դավադրության մեղադրանքներ է առաջադրել Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի
ուսանողուհի 29-ամյա Մարիա Բուտինային։
Դատախազները պնդում են, որ Բուտինան կապեր է հաստատել ԱՄՆ քաղաքական
գործիչների հետ, փորձել է ներթափանցել ամերիկյան քաղաքական
կազմակերպություններ և տվյալներ փոխանցել Մոսկվայի բարձրաստիճան
պաշտոնյաներին:
Այդ մեղադրանքներով Բուտինային սպառնում են առավելագույն տուգանքներ և մինչև 10 տարվա ազատազրկում:
Ռուս կինը ձերբակալվել է հուլիսի 15-ին և այսօր դատարանի առջև կկանգնի:
Ռուսաստանցի պաշտոնյաները դատապարտում են այս գործը:
Լրատվական գործակալությունները նշում են, որ Բուտինային լրտեսության կամ
Ռուսաստանի հատուկ ծառայություններին անդամակցելու մեղադրանքներ չեն
առաջադրվել: