Ադրբեջանում անկարգությունների գործով ևս 4 մարդ է ձերբակալվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքում (Գանձակ) հուլիսյան դեպքերի առնչությամբ ևս չորս մարդ է ձերբակալվել: Այդ մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածները մեղադրվում են Գյանջայում ահաբեկչություն և անկարգություններ նախապատրաստելու և կազմակերպելու համար:
Ձերբակալված Ջեյհուն Գուրբանովը մեղադրվում է Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և մի շարք այլ անձանց լրտեսելու համար, որոնց դեմ ապագայում ահաբեկչություններ էին նախապատրաստվում:
Նշվում է, որ մյուս ձերբակալվածները՝ Վուգար Ալլահվերդիևը և Ուլվի Հասանովը, հուլիսի 10-ին Գյանջայում տեղի ունեցած դեպքերի ակտիվ մասնակիցներ են:
Չորրորդ ձերբակալվածը՝ Ալիմ Յուսիֆովը, կազմակերպել է մի քանի քրեական անձանց ժամանումը Գյանջա՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում երկու ոստիկան է սպանվել քաղաքապետի դեմ մահափորձից օրեր անց՝ հուլիսի 10-ին կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ: Իշխանությունները մահափորձի և «ապստամբությունների» համար մեղադրել են իսլամիստ ծայրահեղականներին և ենթադրություն հայտնել, որ նրանց այդ քայլերին դրդել են օտար ուժերը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գյանջա քաղաքում իրադարձություններն ահաբեկչություն է անվանել՝ ուղղված Ադրբեջանի պետականության դեմ: Հաղորդվել է, որ ուրբաթ առավոտյան Ադրբեջանի իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում սպանվել է Գյանջա քաղաքում ոստիկանի սպանության համար մեղադրվող Ռաշադ Բոյուկիշիևը: