Վենեսուելայում բանտարկյալները գրավել են բանտի շենքը
Երկուշաբթի Վենեսուելայում մի խումբ քաղբանտարկյալներ իրենց վերահսկողության տակ են վերցրել վենեսուելական ամենահզոր հատուկ ծառայության՝ Բոլիվարական հետախուզության ծառայությանը (SEBIN) առընթեր բանտի շենքը, հայտնել է վենեսուելացի իրավապաշտպան Տամարա Սուջուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես տեղեկություն եմ ստացել, որ 55 օր արտաքին աշխարհի հետ կապից զրկված SEBIN Helicoide-ի շենքում բանտարկյալները բողոքում են, նրանք պոկել են վանդակաճաղերը՝ հասնելով գրեթե տեսակցությունների սրահին: Նրանք բողոքում են մարդու իրավունքների խախտումների դեմ, քանի որ կտրված են իրենց փաստաբաններից եւ ընտանիքներից»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Սուջուն:
Համացանցում հրապարակված կադրերը վկայում են, որ բանտարկյալներն իսկապես տապալել են վանդակաճաղերը: Բանտարկյալներից մեկի՝ Ֆրեդ Մավարեսի խոսքով՝ խռովարարները իշխանություններից պահանջում են պահպանել մարդու իրավունքները: «Պարոնայք, SEBIN-ի լիազորված անձի հետ բանակցություններ չեն լինի, միայն ուղղակիորեն դատախազության հետ, իսկ եթե այստեղ սպանդ իրականացվի, դրա պատասխանատվությունը կկրեն պետական իշխանությունները»,- հայտարարել է Մավարեսը համացանցում հրապարակված տեսաուղերձում:
Ըստ որում՝ ինքը Մավարեսը բանտից պետք է ազատվեր դեռեւս 2016 թվականին, սակայն այդ որոշումը SEBIN-ն այդպես էլ չի կատարել: