Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հունիսի 21-ին ստացվել եւ վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի կողմից խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի հունիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «օրենքով գող» համարվող, ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ալեքսանդր Մակարյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով եւ ստվարաթղթով փաթեթավորված չորացված ու մանրացված դեղնականաչավուն զանգված:
Համաձայն դատաքիմիական փորձաքննության թիվ 287Ք-18 եզրակացության՝ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ 11.19 գրամ քաշով:
Հունիսի 21-ին Ա.Մակարյանին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ իր փաստացի բնակության վայրում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։