Դատարանը որոշեց. Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի
Այս թեմայով
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան եւ Նոր Նորքի նստավայրում մերժեց նրա փաստաբանների բողոքը. Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ։
Նշենք, որ Գրիգորյանի փաստաբանները բողոքարկել էին Մանվել Գրիգորյանի ձերբակալման որոշումը։
Փաստաբան Հրանտ Անանյանի խոսքով, ԱԺ պատգամավորին քրեադատակավարական օրենսգրքով նախատեսված ձերբակալման 4 հիմքերից բացառապես մեկով կարելի է ձերբակալել. այն է՝ նա բերման է ենթարկվել հանցագործություն կատարելիս կամ անմիջապես դրանից հետո, որոնք Մանվել Գրիգորյանի դեպքում չկան։
Նշենք, որ ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի աջակիցներն այսօր՝ հունիսի 17-ի առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի փողոցներում։ Ակցիան մեկնարկել է ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Մանվել Գրիգորյանի աջակիցները նստել են փողոցում եւ փակել են Նալբանդյան փողոցը, նրանք վանկարկում են «Ազատություն»:
Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել Երեւանի փողոցներով եւ երթով հասել մինչեւ Նոր նորքի 4-րդ զանգված, որտեղ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի պաշտպանի բողոքի քննությունը։ Նա բողոքարկել է Մանվել Գրիգորյանի ձերբակալումը ԱԱԾ կողմից։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը: Իրեն առաջադրված մեղադրանքը Մանվել Գրիգորյանը չի ընդունում:
Նշենք, որ ԱԱԾ-ն դիմել է ԱԺ` Մանվել Գրիգորյանին մանդատից զրկելու համար: