«Դեպի ՌԴ այլընտրանքային ճանապարհի հարցում առաջիկայում լավ նորություններ կունենանք»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանն ուշ գիշերին` հայկական պատվիրակության` Մոսկվա պաշտոնական այցից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփել է արդյունքներն ու նշել ուղենիշները։ Մասնավորապես անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Դմիտրի Մեդվեդեւ հանդիպմանը` նա նշեց, որ անդրադարձ է եղել հայ-ռուսական միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծմանը.
«Քննարկվել են նաեւ այնպիսի հարցեր, որոնք բարձրացվել են նաեւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Խոսք եղավ նաեւ ԱՊՀ եւ ԵՏՄ շրջանակներում մեր անելիքների եւ գործակցության մասին»:
Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով դեպի ՌԴ այլընտրանքային ճանապարհի գործարկմանը, ապա Արսեն Խառատյանն ասաց, որ տրանսպորտային ենթակառուցվածքների մասին հարցերը եւս քննարկվել են.
«Կարծում եմ՝ այդ հարցում առաջիկայում լավ նորություններ կունենանք: Քննարկումները կշարունակվեն: Ինչպես հայտնի է, ՌԴ-ն Վրաստանի հետ տարիներ առաջ կնքած պայմանագիր ունի, համաձայն որի՝ շվեյցարական ընկերությունն իրականացնելու է այլընտրանքային ճանապարհի կառուցման հետ կապված անելիքները, ՌԴ-ն էլ հաստատել է իր մասնակցությունը»:
Արդյոք առաջիկայում նախատեսվում են նոր հանդիպումներ Վլադիմիր Պուտինի հետ, վարչապետի խորհրդականը նշեց, որ նախնական պայմանավորվածություններ դեռ չկան։