Uber-ն այլևս չի գործի Թուրքիայի տարածքում. Էրդողանն արգելել է հավելվածի աշխատանքը երկրում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առցանց տաքսի պատվիրելու Uber հայտնի ծառայությունը երկրում այլևս չպետք է գործի։ Ըստ Էրդողանի՝ հավելվածը վնաս է հասցնում տեղացի տաքսու վարորդներին, ինչն իրենց համար անթույլատրելի է, գրում է diken.com.tr-ը։
«Յուբեր-մուբեր անունով ինչ-որ բան է դուրս եկել, նման բան այլևս չկա, վերջացավ։ Մենք ունենք տաքսու սեփական ցանցը, սա որտեղի՞ց դուրս եկավ։ Ասում են՝ Եվրոպայում էլ կա, ի՞նձ ինչ։ Մեր տաքսու վարորդների հանդեպ չենք կարող անարդարություն թույլ տալ», - ասել է Թուրքիայի նախագահը՝ շեշտելով, որ թույլ չեն տալու, որ մասնավոր հավելվածները վնաս հասցնեն երկրում տեղական տաքսու բիզնեսին։
Նշենք, որ Թուրքիայում տաքսի պատվիրելու ծառայությունները գործում են պետականացված ծրագրով՝ ամբողջ երկրի տարածքում։