«Մենք կոչ ենք անում ԼՂ հակամարտության կողմերին հնարավորինս շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները». Պոմպեո
ԱՄՆ-ն հանձնառու է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: Այդ մասին ասված է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունում, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ 1991 թվականին անկախության վերականգնումից հետո Ադրբեջանը դարձել է «Միացյալ Նահանգների արժեքավոր գործընկերը»:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր բազմամյա համագործակցության և մեր համատեղ աշխատանքի խորացմանն անվտանգության, էներգետիկայի, ժողովրդավարական կառավարման և մեր երկրների միջև կապերի հետագա ամրապնդման ոլորտներում: Մենք նաև հանձնառու ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը, և կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները»,- ասված է հայտարարությունում: