Ծխելը թողնելու լավագույն միջոցն՝ ըստ ամերիկացի գիտնականների
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե որն է մարդկանց ծխելուց հրաժարվել ստիպող ամենաարդյունավետ մեթոդը, գրում է korrespondent.net-ը՝ New England Journal of Medicine-ին հղումով։
Ուսումնասիրությանը մասնակցել է շուրջ 6.000 մարդ, որոնց բաժանել են մի քանի խմբի ու յուրաքանչյուր խմբի առաջարկել այդ վնասակար սովորությունից ձերբազատվելու տարբեր միջոցներ։
Ոմանց պատմել են առողջ ապրելակերպի օգուտների մասին, ոմանց առաջարկել են օգտվել էլեկտրոնային ծխախոտից կամ այլ նման հարմարանքներից։ Իսկ ոմանց էլ ծխելը թողնելու դիմաց խոստացել են դրամական պարգևատրում։ Մասնավորապես՝ 6 ամսում ծխելը թողնել հաջողած անձանց խոստացել են վճարել 600-ական դոլար։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս մեթոդն ամենաարդյունավետն է եղել։
Ըստ մասնագետների՝ սա խոսում է նիկոտինային կախվածությունից ազատվելու տարածված միջոցների անարդյունավետության մասին։ Գիտնականները չեն բացառում, որ դրամական պարգևի դիմաց ծխելուց հրաժարվելու մեթոդը կարող է օգնել մի շարք ընկերությունների, որոնք ցանկանում են օգնել իրենց աշխատակիցներին ծխելը թողնելու հարցում։ Ընդ որում՝ դա կարող է լինել ծխախոտից հրաժարվելու ամենաարդյունավետ ու էժան տարբերակը։