Հայկական ավտոբուսներին Վերին Լարսի ՌԴ մաքսակետում չի թույլատրվել շարունակել ճանապարհը
Մի քանի ժամ ռուս-վրացական սահմանի ռուսական կողմում`Վերին Լարս անցակետում, կայանված են եղել հայկական պետհամարանիշերով ավտոբուսներ. ռուսական մաքսակետում չի թույլատրվել Ռուսաստանի տարածք հայկական ավտոբուսների մուտքն այն պատճառաբանությամբ, որ հայկական ավտոբուսների վարորդները նոր լիցենզիա պետք է ունենան:
Այս մասին տեղեկությունները հաստատեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը՝ հայտնելով, որ ժամեր անց խնդիրը կարգավորվել է:
«Հիմա Վերին Լարսի անցակետում որևէ կուտակում չկա»,- ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ խնդիր կա՝ լիցենզիաների հետ կապված, ապա Անահիտ Առաքելյանն ասաց, որ այդ պահանջն ուժի մեջ պետք է մտներ հունիսի 1-ից, սակայն ռուսական կողմը ժամանակից շուտ էր պահանջել լիզենզիաների առկայությունը: