Դեմքի ծերացման պատճառը
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ ծերացման արտաքին դրսևորումներն առաջին հերթին պայմանավորված են ոչ թե մաշկի և դեմքի նուրբ հյուսվածքների տոնուսի իջեցմամբ, որոնք հեռացվում են ժամանակակից վիրահատական միջոցներով, այլ դիմային ոսկորների ձևի` մասնավորապես ներքևի ծնոտի փոփոխություններից:
Ռոչեստերի համալսարանի պլաստիկ վիրաբույժը հետազոտել է տարբեր տարիքային խմբերին պատկանող 120 մարդկանց դեմք: Հետազոտության համար ընտրվել է կանանց և տղամարդկանց 20-ական նկար երեք տարիքային խմբից` 20-36, 41-64 և 64-ից բարձր:
Համակարգչային ծրագրի օգնությամբ գիտնականները յուրաքանչյուր նկարի վրա չափել են ներքևի ծնոտի անկյունը, երկարությունը, լայնությունը և համեմատել տարբեր խմբերի արդյունքները:
Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարիքի հետ էապես ավելանում է ներքևի ծնոտի անկյան ցուցանիշը, ինչի պատճառով էլ դեմքի ներքևի սահմանների ուրվագիծը կորչում է: Բացի այդ, փոքր տարիքային խմբի ներկայացուցիչների մոտ ծնոտի երկարությունն ավելի մեծ է, քան միջին և մեծ տարիքային խմբերում: Ծնոտի բարձրությունը միջին և մեծ տարիքում ավելի քիչ է փոփոխվել:
Ինչպես մեկնաբանեց պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ծառայության ղեկավարը` Հովարդ Լանգստեյնը, քանի որ ներքևի ծնոտը հանդիսանում է դեմքի հիմնական բաղկացուցիչ մասը, դրա ցանկացած փոփոխություն ազդում է մարդու ընդհանուր արտաքին տեսքի վրա:
Լանգստեյնի խոսքերով տարիքի հետ այդ ոսկորի ծավալի նվազումը հանգեցնում է դրա վրայի փափուկ հյուսվածքների կախվածությանը: Արտաքինից դա դրսևորվում է նրանով, որ դեմքը ձեռք է բերում ավելի նուրբ օվալային ուրվագիծ, նվազում է այտերի, պարանոցի մաշկի տոնուսը, որի արդյունքում էլ դիմագծերը բնորոշ տեսք են ստանում:
Ստացված արդյունքները ճանապարհ են բացում առավել արդյունավետ պլաստիկ վիրահատությունների մշակման համար, որոնք, մինչև նուրբ մաշկը ձգելը, կներառեն ներքևի ծնոտի ձևի շտկում: