Թուրքիայի առաջին տիկնոջ թանկարժեք պայուսակը բուռն քննարկումների առիթ է դարձել
Թուրքական մամուլում ակտիվորեն քննարկվում է Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի՝ Լոնդոն կատարած այցի ժամանակ կրած պայուսակն ու դրա գինը։
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ ձեռքի սև պայուսակն արժեցել է ավելի քան 50 000 եվրո։
Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ սա առաջին դեպքը չէ, երբ շատերի աչքից չեն վրիպում տիկին Էրդողանի շռայլ գնումները։
Միևնույն ժամանակ, լրագրողը շեշտել է, որ Էրդողան ամուսինների հետ հանդիպած Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը շատ ավելի պարզ ու ճաշակով հանդերձանք է նախընտրել։
«Եթե իշխող կուսակցությանը հարցնես, կասեն՝ «Դե առաջին տիկին է, դա՞ էլ չգնի»։ Երանի տիկին Էմինեն էլ մի բացատրություն տա, ժողովուրդը բան հասկանա», - գրել է լրագրողը։