Պետք է ինչ-որ մի ժամանակ կասեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մայիսի 17-ին, կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ մի շարք խնդիրների, այդ թվում՝ տեսախցիկների և արագաչափերի հետևանքով քաղաքացիների նկատմամբ կիրառված տուգանքներին:
«Ես կարծում եմ, որ կան հսկայական տուգանքներ, որոնք չեն վճարել, պետք է մեխանիզմներ մտածել դրանք ներելու մասին, որովհետև ենթադրվում է, որ դրա վճարման հնարավորությունը մարդիկ չունեն:
Երկրորդ պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին: Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի որոշ ժամանակաշրջան դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին, եթե կա նման օրենսդրական նախաձեռնություն, իսկ եթե չկա՝ մտածենք այդ հնարավորության մասին»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով, պետք է այդ պրակտիկան հենց այսօրվանից փոխենք, երբ մարդկանց հոծ գծեր շոշափելու համար տուգանում են. «Մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքի քաղաքականությունը պետք է կանգնեցնել: Մենք պետք է փոխենք քաղաքականությունն այդ հարցի կապակցությամբ»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:
Վարչապետը հանձնարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին այդ հարցին լուծում տալու համար քննարկում հրավիրել եւ լուծում գտնել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am