Կնեսեթի պատգամավորները Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ կներկայացնեն
Կնեսեթի պատգամավորներ Իցիկ Շմուլին եւ Ամիր Օհանը մտադիր են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ ներկայացնել:
Պատգամավորների խոսքով՝ ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քայլ, որից մինչ այդ Իսրայելը խուսափել է՝ չցանկանալով վնասել Թուրքիայի հետ հարաբերությունները, հաղորդում է The Jerusalem Post-ը:
Իցիկ Շմուլին նշել է, որ նրանք չեն պատրաստվում հակասեմական Էրդողանի բարոյախոսությունները հանդուրժել, որը Սիրիայի հյուսիս-արեւելքում ամեն օր քրդերին է ռմբակոծում եւ «որի երկիրը պատասխանատու է Հայոց ցեղասպանության եւ ասորիների նկատմամբ վայրագությունների համար»:
Իր հերթին Ամիր Օհանը ընդգծել է, որ երբեք ուշ չէ արդարության մասին խոսելու համար: «Ժամանակն է պաշտոնապես ճանաչելու հայերի նկատմամբ սարսափելի անարդարությունը», - ասել է նա:
Այս տարվա սկզբին Իսրայելի ընդդիմադիր «Յեշ Ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը Կնեսեթում ներկայացրել էր Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, սակայն օրինագիծը մերժվել էր, ինչը նշանակում է, որ հաջորդ նախաձեռնությունը չի կարող օգոստոսից շուտ ներկայացվել: