Կիևում գործարարի են առևանգել և 50 հազար դոլար փրկագին պահանջել (տեսանյութ)
Կիևում ոստիկանությունը ձերբակալել է երկու առևանգողի, որոնք Իվանո-Ֆրանկովսկ քաղաքից գործարարի են առևանգել և 50 հազար դոլար փրկագին պահանջել: Այդ մասին հայտնում է Կիևի ոստիկանության հաղորդակցության բաժինը, գրում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ ոստիկանություն է դիմել տղամարդու կինը, ում զանգահարել են հանցագործները: Գործարարը մայրաքաղաք էր ժամանել աշխատանքային հարցերով, որտեղ էլ նրան առևանգել են:
Իրավապահները 12 ժամվա ընթացքում պարզել են նրա գտնվելու վայրը: Տղամարդուն ազատել են հատուկջոկատայինները:
Առևանգողներից մեկի մոտ հայտնաբերվել է ատրճանակ: Երկու տղամարդիկ կասկածվում են ազատությունից ապօրինի զրկելու կամ մարդուն առևանգելու և դրամաշորթության հետ կապված հոդվածներով: