Հունաստանում խոշոր ոստիկանական գործողության շրջանակում տարհանվում են հարյուրավոր ներգաղթյալներ
Հունական Պելոպոնես թերակղզու հյուսիսում գտնվող Պատրաս քաղաքում ոստիկանությունը խոշոր գործողություն է անցկացնում՝ ինքնաշեն ճամբարներում գտնվող բազմաթիվ ներգաղթյալների տարածքից դուրս բերելու համար, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Գաղթականներն այստեղ տեղավորվել են երկու լքված գործարանների շենքերի տարածքում։ Նրանց տեղահանման գործողությանը մասնակցում է 380 ոստիկան և ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի 10 ստորաբաժանում։
Գործարանների շենքերից արդեն դուրս է բերվել 550 մարդ, նրանց տեղավորում են ավտոբուսներում և ուղարկում Ահայա քաղաքի մոտակայքում գտնվող ներգաղթյալների ճամբարներ։
Նշվում է, որ ոստիկանական գործողությունը կավարտվի օրվա ընթացքում։
Պատրասը Հունաստանն Իտալիայի հետ կապող գլխավոր տրանսպորտային հանգույցն է։ Ներգաղթյալները սովորաբար փորձում են Պատրասի նավահանգիստ հասնել ու, թաքնվելով Իտալիա ուղևորվող բեռնատարներում, նավերով հատել երկրի սահմանը։
Օրեր առաջ այստեղ գտնվող աֆղանցի ներգաղթյալներից մեկի՝ իր 20-ամյա հայրենակցի վրա կրակելուց հետո քաղաքում լարված իրավիճակ էր ստեղծվել, ինչի հետևանքով տեղի էին ունեցել ներգաղթյալների մասնակցությամբ դաժան ծեծկռտուքներ։