Ստով, կողմնապահությամբ, հուզականությամբ անհնար է առաջ շարժվել
Անկախ նրանից, թե Հայաստանի զարգացման ծրագիրն ո՞վ կգրի, անկախ նրանից վարչապետի պաշտոնում Փաշինյանն է, Սանասարյանը, թե Բաղդասարյանը, անկախ նրանից, թե խորհրդարանում ովքեր են պատգամավոր, զարգացման, առաջընթացի, ժողովրդավարության մասին ավելորդ կլինի անգամ խոսել, եթե Հայաստանում շարունակի իշխել հովանավորչությունը, սուտը, կեղծիքը, հուզականությամբ հարցեր լուծելը եւ մի շարք այլ ախտեր:
Սոցիալական ցանցում եթե մեկը համարձակվում է գրել, որ վերջին մեկ տարում եւս մաքսատներում դրական փոփոխություններ են եղել կամ այդ մասին ասում է հարցազրույցում կամ անգամ բակում, ապա հայտնվում են մարդիկ, շատ մարդիկ, որոնք նրան մեղադրում են ամենաքիչը դավաճանության մեջ:
Եթե հայտնվում է մի համարձակ, որն ասում է, թե նախարարներից ոմանք իրեն վստահություն չեն ներշնչում, եւ որ ինքն անհանգիստ է, կրկին մեղադրում են դավաճանության եւ ծախված լինելու մեջ:
Եթե ասում են, որ նախկինում եւս կոչ է արվել դպրոցում խայտառակ դրամահավաքներ չանել, ապա կրկին ծանր մեղադրանքների են արժանանում:
Նույն մարդը կամ նույն մարդիկ, որոնք նախկինում քննադատում կամ ավելի ճիշտ դժգոհում էին, որ երկրում իշխում է հովանավորչությունը, այսօր պատրաստ են հաշվեհարդար տեսնել նրանց նկատմամբ, ովքեր շատ մեղմորեն համարձակվում են հարցադրում անել, թե ինչու այս կամ այն մարդը հայտնվեց կառավարությունում, եւ ոչ թե այն մյուսը:
Նրանք, ովքեր այսօր հուզականության վերին աստիճանի վրա գտնվելով կամ միտումնավոր հարձակվում են բոլոր նրանց, ովքեր քննադատում կամ դժգոհում են նոր նշանակումներից կամ Նիկոլ Փաշինյանի այս կամ այն քայլից եւ հայտարարությունից, ասելով, թե Նիկոլը գիտի ինչ է անում, նրանք էլ այս երկրի զարգացման արգելակներն են:
Եթե մենք չսովորենք լսել այլ կարծիք, քննադատություն, եթե մենք չկարողանանք մի կողմ դնել նեղ անձնական շահերը, եթե շարունակենք մի վայրկյանում փոխել մեր «կարծիքը», եթե մենք չկարողանանք հրաժարվել ստից եւ կեղծիքից, ապա զարգացմ,ան, առաջընթացի մասին մոռացեք:
Ի՞նչ առաջընթացի մասին կարող է լինել խոսքը, եթե մենք երջանիկ ենք կամ գոհ ենք կառավարության կազմից միայն նրա համար, որ ճանաչում ենք նորանշանակ նախարարին կամ նա մեր ֆեյսբուքյան ընկերների թվում է:
Սիրելի հայրենակիցներ, եթե նորանշանակ նախարարը ձեր հարեւանն է կամ ֆեյսբուքյան ընկերը կամ սիրում է աշխատանքի գնալ ոչ թե ավտոմեքենայով, այլ հեծանիվով, ապա դա դեռ չի նշանակում, որ նա լավ կամ ազնիվ նախարար է լինելու:
Top-News.am