Թբիլիսիում բողոքի գործողություններն ավարտվեցին
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ներողություն է խնդրել Թբիլիսիում կազմակերպված բողոքի գործողությունների մասնակիցներից` ուրբաթ օրը քաղաքի մի շարք գիշերային ակումբներում կազմակերպված ռեյդերի ընթացքում ոստիկանության կոշտ գործողությունների համար:
Գախարիայի հայտարարությունը հնչել է անցած գիշեր կայացած բանակցությունների ընթացքում, որոնց մասնակցել են Վրաստանի ներքին գործերի նախարարության և «Թեթրի խմաուրի» («Սպիտակ աղմուկ») կազմակերպության ղեկավարները:
«Ես ներողություն եմ խնդրում ոչ միայն իմ անունից: Ես հայցում եմ ձեր ներողամտությունը, եթե ՆԳՆ որևէ ներկայացուցիչ վտանգել է ձեր անվտանգությանը», - նշել է Գախարիան:
Գիշերային բանակցությունների արդյունքում Ռուսթավելիի պողոտայում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են դադարեցնել հանրահավաքը:
«Ներքին գործերի նախարարը խոստացել է, որ այն ոստիկանները, որոնք գերազանցել են իրենց լիազորությունները, կպատժվեն», - նշել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը` Բեկա Ցիկարիշվիլին: