«Գարունը կգա». Ինչպես են կանայք պատրաստվում գարնանը
«Գարունը կգա»` այս խորագիրն ունի մուլտիպլիկատոր, ռեժիսոր Նաիրա Մուրադյանի սյուրռեալիստական նկարների նոր շարքը։ Գարնան սպասումով ու ցրտաշունչ եղանակից հուսահատված` նա սկսել է համակարգչով նկարել.«Ինքս ինձ համար պարզապես մի նկար արեցի, այնուհետեւ զգացի, որ շարունակում եմ նույն թեմայով ստեղծագործել, այդպես ծնվեց շարքը։ Կավարտեմ, երբ վերջապես գարունը գա, որովհետեւ ամեն օր պարտադիր նկարելու ցանկությունը սպառվում է»:
Նկարչուհին, փետրվար 2-ից սկսած, յուրաքանչյուր օր «ֆեյսբուքյան» իր էջում մեկ նկար է տեղադրում, աշխատանքները հավանության են արժանացել բազմաթիվ ծանոթ-անծանոթների կողմից: Թվային նկարներում կանայք են, որոնք յուրովի են սպասում ու պատրաստվում գարնանը։ BRAVO.am-ի դիտարկմանը, թե գարունն ասոցացնում է կնոջ հետ, Նաիրան պատասխանել է.«Քանի որ առաջին երկու-երեք նկարում կնոջ կերպար ստացվեց, որոշեցի այդ շրջանակից դուրս չգալ, որ դառնա մեկ ամբողջական շարք։ Սկիզբը պարտադրեց շարունակությունը»։
Նաիրա Մուրադյանը տասնյակ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ ու նկարիչ է, որոնցից են՝ «Ճանապարհ», «Երեք պոետ եւ Չարենց», «Պստիկ զինվոր», «Բալետ», «Ամեն ինչ անցյալում է» եւ այլն, 2013-ին «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությանը ստացել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակը` «Բալետ»-ի համար։ Նրա անհատական ցուցահանդեսը կայացել է ուղիղ 7 տարի առաջ, ինչպես նշում է՝ չի սիրում զբաղվել կազմակերպչական հարցերով.«Նոր ցուցահանդես ինքս չեմ նախաձեռնում, բայց եթե ինքն իրեն կստացվի, որեւէ մեկը կզբաղվի այդ հարցով, ապա ուրախ կլինեմ:)»։
Նկարչուհին նաեւ զբաղվում է գրքերի ձեւավորմամբ։ Այս գարնանային շարքը հնարավոր է շուտով լույս տեսնի տպագրված տարբերակով.«Դեռ քննարկում ենք: Հավանաբար, որեւէ գրքի իլյուստրացիա կդառնա։ Ես միշտ եմ նկարում, այժմ զուգահեռ երկու գիրք եմ ձեւավորում եւ նոր ֆիլմիս մասին եմ մտածում»։
Լուսանկարները` Նաիրա Մուրադյանի