«Հեղափոխություն՝ առանց արձակված մեկ փամփուշտի, առանց մեկ զոհի». Սերժ Թանկյան (Տեսանյութ)
Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հեղինակավոր BBC-ի հետ զրույցում խոսել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին և դրանք որակել որպես «յուրահատուկ հեղափոխություն»:
Լրատվամիջոցը նշում է, որ ամերիկահայ ռոք աստղը ողջունել է անցկացված բողոքի ցույցերի խաղաղ բնույթը և ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ բեմ բարձրացել` մինչ նրա ՀՀ վարչապետ ընտրվելու քվեարկության անցկացումը:
«Ես կարծում եմ, որ Նիկոլն իսկապես տարբերվում է Հայաստանի նախորդ առաջնորդներից»,- ասել է Սերժ Թանկյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմադիր քաղաքական կարիերայի մեծ մասը եղել է ակտիվիստ և պայքարել շրջակա միջավայրի, մարդու իրավունքների, սոցիալական ապահովության համար:
«Ժամանակը եկավ, երբ մարդիկ պատրաստ էին ոտքի կանգնել, և դա նախաձեռնեցին երիտասարդները, ովքեր շատ ավելի քիչ էին ենթարկվում ոստիկանության հրամաններին, քան նրանց ծնողները:
Դա իսկապես շատ յուրահատուկ է: Դա ամեն օր տեղի չի ունենում՝ հեղափոխություն առանց արձակված մեկ փամփուշտի, առանց մեկ զոհի, մի քանի շաբաթվա ընթացքում լիարժեք շրջադարձ, որը պայքար չէ Արևելքի և Արևմուտքի միջև: Դե ինձ ասեք՝ ե՞րբ է վերջին անգամ նման բան տեղի ունեցել»,- ասել է Սերժ Թանկյանը BBC-ի հետ զրույցում: