Երբ որոտում են թնդանոթները
Մի իմաստուն մարդ շատ վաղուց ասել էր, որ երբ որոտում են թնդանոթները՝ մուսաները լռում են: Շատերը նրա խոսքերը բառացի էին հասկացել, մտածել, որ նա խոսում է պատերազմական գործողությունների մասին: Իրականում այս մարդը նկարագրում էր այն վիճակը, որն այսօր ստեղծվել է Հայաստանում:
Երբ փողոցում իշխում է հուզականությունը, երբ տասնյակ հազարավորներ քայլում են մեկի ետեւից, լավ չպատկերացնելով, թե նա իշխանության գալուց հետո ինչ է անելու եւ միաժամանակ դավաճան համարում սեփական կարծիքն ունեցող մարդկանց, այնքան դժվար է զրուցել, խոսել, քննարկում կազմակերպել այդ նույն մարդկանց հետ:
Երբ հրապարակում, հուզականության գագաթնակետին գտնվող մարդկանց ներկայությամբ, մեղմ ասած, քննադատում են Կարեն Կարապետյանին, որի միակ սխալը եղել է ՀՀԿ-ին անդամագրվելը, եւ տասնյակ հազարավորները ծափահարում են, շատ դժվար է նրանց ասել՝ սիրելիներ, հարգելիներ, իսկ դուք այսքա՞ն շուտ մոռացաք, որ ընդամենը մեկ կամ մեկուկես տարի առաջ ինչքան էիք սիրում եւ հարգում Կարեն Կարապետյանին:
Նրանք հաստատ չեն էլ հիշում, թե ինչ հսկայական փոփոխություններ տեղի ունեցան հարկային եւ մաքսային համակարգում, թե ինչ փոփոխություններ եղան մյուս ոլորտներում: Մեկ ամիս առաջ երկար տարիներ Ռուսաստանում ապրած մեր հայրենակիցը վերադառնալով Հայաստան եւ մի քանի հարցեր լուծելով անձնագրային բաժնում, կադաստրում եւ այլ մարմիններում, հիացած ասաց՝ դուք Եվրոպայում եք ապրում: Ռուսաստանում այսպես չէ:
Հիմա մենք մոռացանք, թե Կարեն Կարապետյանն ինչ զոհողության գնաց անդամագրվելով ՀՀԿ-ին եւ գլխավորելով ՀՀԿ ցուցակը: Նա գիտեր, թե ինչ ծանր բեռ է վերցնում, բայց վերցրեց հանուն իր ծրագրերի իրականացման:
Հետո, երբ թնդանոթների որոտները դադարեն, մարդիկ կսառեն եւ կհասկանան, թե իրականում ինչ է եղել եւ ինչ պետք է անել: իսկ առայժմ դեռ որոտում են թնդանոթները:
Top-News.am