«Մի խումբ ճոյտականներ են եղել հարբած». Մանվել Գրիգորյանը՝ ԵԿՄ անդամի սպանության մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը որոշ մանրամասներ է ներկայացրել երեկ Էջմիածնում ԵԿՄ Էջմիածնի կառույցի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի վերաբերյալ:
«Ոչ թե շարժման ժողովուրդն ա եղել, այլ մի խումբ ճոյտականներ հարբած գնացել են քաղաքապետարանի դիմաց, շնորհավորել, էս տղան թույլ չի տվել, որ ինչ որ բաներ անեն, դրանք էլ խմած, հարբած դանակով 2-3 տեղ խփել են»,- լրագրողների հետ զրույցում պատմել է Մանվել Գրիգորյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը, որը երեք ժամ անց մահացել է վիրահատության ժամանակ:
Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նախկինում եղել է նաեւ քաղաքի մշակույթի տան տնօրենը: Նա մասնակցել է Արցախյան պատերազմին, ինչի հետեւանքով կորցրել է ձեռքն ու ոտքը, եւ այդ վիճակով մասնակցել է նաեւ Ապրիլյան պատերազմին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am