Տղամարդը փորձել է վերադարձնել կորած գնդակը և խրվել պատերի արանքում (տեսանյութ)
ԱՄՆ Հավայի նահանգի Հոնոլուլու քաղաքի բնակիչը, փորձելով վերցնել կորած գնդակը, խրվել է պատերի արանքում: Այս մասին հայտնում է KHON2 հեռուստաալիքը:
Մայքլ Էնտոնի Մաջիակոմոյի խոսքով՝ ինքը նետում էր բեյսբոլի գնդակը դեղատան պատի վրա և կրկին բռնում այն: Երբ գնդակն ընկավ շենքերի արանքի նեղ անցքը, տղամարդը որոշեց ռիսկի դիմել և գնաց դրա հետևից:
«Սա երևի վեցերորդ գնդակն էր: Մտածեցի՝ լավ, մտնեմ այնտեղ ու հանեմ գնդակը», - պարզաբանել է նա:
Նշվում է, որ դեղատան ու մոտակա կառույցի միջև հեռավորությունն առավելագույնը 23 սմ էր:
«Ես տեսնում էի, որ ներքևում նեղ է, սակայն ես էլ եմ նեղ, շատ նեղ», - ասել է նա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդը մնացել է պատերի արանքում: Դեղատան այցելուներից մեկը, լսելով նրա աղաղակները, օգնություն է կանչել:
Փրկարարներին ավելի քան երեք ժամ է պահանջվել տղամարդուն ազատելու համար: