ԱՄՆ եւ ԿԺԴՀ նախագահների հնարավոր հանդիպումը շատ օգտակար կլինի ամբողջ աշխարհի համար. Մակրոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի անձնական հանդիպումը, որի հնարավորությունը այժմ մշակվում է կողմերի կողմից, շատ օգտակար կլինի ամբողջ աշխարհի համար: Այս մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BFM հեռուստաալիքին, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ:
«Շատ օգտակար է, որ ԱՄՆ նախագահը կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ, ես ուրախ եմ, որ այսօր այդ երկխոսութունը կվերականգնվի », - ասել է Մակրոնը:
Միաժամանակ, Մակրոնն ընդգծել է, որ Փարիզն իր հերթին անում է հնարավոր ամեն ինչ` Կորեական թերակղզում լարվածության նվազման համար: «Ֆրանսիան կշարունակի ջանքեր գործադրել Հյուսիսային Կորեայի խնդրի շուրջ երկխոսությունը վերսկսելու եւ լարվածությունը նվազեցնելու համար», - ասել է հանրապետության նախագահը:
Ավելի վաղ, Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ի վրա ճնշումը պետք է ամրապնդվի, քանի դեռ չեն ձեռնարկվել միջուկային ծրագրի զարգացումից հրաժարվելու իրական քայլեր:
«Մինչեւ ԿԺԴՀ-ի հետ լուրջ երկխոսությունը չսկսվի նրա ապամիջուկայնացման նախնական պայմաններով, անհրաժեշտ է տարբեր միջոցներով ճնշումը առավելագույն մակարդակին հասցնել», - ասել է նա: