Մենք ավելի մեծ տարաներով ենք կոյուղաջուր ուղարկելու քաղաքապետարան. Չարենցի փողոցի բնակիչներ (տեսանյութ)
Եթե նուբարաշենցիները կես կգ-անոց տարաներով էին կոյուղաջուր տվել «Երկիր Ծիրանի կուսակցության անդամներին, որպեսզի փոխանցեն քաղաքապետին, ապա մենք 3 կգ-անոցով ենք կոյուղաջուր ուղարկելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Կենտրոն վարչական շրջանի Չարենցի 2-րդ նրբանցքի բնակիչները:
«Ճանապարհը, որ կառուցեցին (Սարալանջի փողոց), Սարի թաղի կոյուղիները իբր թե դիտահորերով առանձնացրին, մնաց այսքան տեղը, որտեղ մենք ենք ապրում: Հիմա էլ մենք խեղդվում ենք այս գարշահոտության մեջ՝ առուն ծառայում է որպես «կանալիզացիա»: Այս առվով նախկինում ջուր է հոսել, այս գարշահոտությունը, կեղտերը տարել է, և այդ ջուրը եկել է Սարի թաղից: Մեր խնդրանքն է ընդամենը, որպեսզի մեզ համար փակ կոյուղի կառուցեն»,- հայտնեց Չարենցի 2-րդ նրբանցքի բնակիչ Ալվարդ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ արդեն 6-7 տարի է՝ խնդրի մասին բարձրաձայնում են, դիմել են թաղապետարան, քաղաքապետարան, «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակայն մինչև օրս խնդրին լուծում չի տրվել:
«Քաղաքակիրթ ճանապարհով փորձել ենք լուծել խնդիրը, բայց որ չի ստացվում, պետք է դիմենք ծայրահեղ միջոցների, արդեն դանակը ոսկորին է հասել: Մենք ողջունում ենք «Երկիր Ծիրանիի» արածը, դա արդյունք տվեց, հուսով ենք, որ մեր խնդրին էլ լուծում կտան: Եթե դա է արդյունք տալիս, մենք էլ կանենք»,- ասաց նա:
Բնակիչները դիմել են Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանը, որի հիման վրա մարտի 5-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Սոննա Աղեկյանը և խմբակցության փորձագետ Արամ Ենոքյանն այցելել են նշված հասցե, հանդիպել բնակիչներին ու տեղում ծանոթացել իրավիճակին:
Չարենցի 2-րդ նրբանցքի բնակիչները Tert.am-ին նաև ցույց տվեցին, թե ինչպես են անձրևաջրերից խոնավացել իրենց տների պատերը, և ինչպես է փողոցի կեղտը կուտակվել տների դիմաց և տարածել գարշահոտություն:
«Ումի՞ց պետք է վախենանք, կին ծեծող ավագանու անդամների՞ց: Եթե նուբարաշենցիները կես կգ-անոց տարաներով էին կոյուղաջուր տվել, մենք 3 կգ-անոցով կոյուղաջուր կուղարկենք քաղաքապետարան»,- նշեց բնակիչներից Սուսաննա Մեջլումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: