Դոնալդ Թրամփը Քըրք Քրքորյանին համարում էր բիզնես ոլորտի արքա
Ամերիկյան Fortune ամսագիրն ուշագրավ հոդվածով անդրադարձել է աշխարհի ամենահայտնի հայերից մեկին՝ 2015թ. կյանքից հեռացած Քըրք Քրքորյանին, որը, ինչպես պարզվում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բիզնես կուռքերից էր:
«Սակայն Քրքորյանն ապագա նախագահի խիստ հակապատկերն էր՝ կարգապահ, համեստ ու քաղաքավարի»,-գրում է հոդվածի հեղինակ Ուիլյամ Ռեմփելը:
Հեղինակը մանրամասնում է, որ Քրքորյանը սեփական աշխատանքի արդյունքում միլիարդատեր դարձած մարդ էր, որն անգամ մի գրոշ չուներ, 8-րդ դասարանից դուրս էր մնացել դպրոցից, սակայն, այնուհանդերձ, կարողացել էր դառնալ Հոլիվուդի ամենաազդեցիկ դեմքերից մեկը, Լաս Վեգասի խաղային մագնատ ու համալրել Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդկանց շարքը:
Ռեմփելն առանձնահատուկ ընդգծում է Քրքորյանի բազմաթիվ բարեգործությունների փաստը՝ նկատելով, որ նա երկրի ամենաառատաձեռն մեծահարուստներից էր:
«Շատ առումներով նա նման չէր Դոնալդին, բայց Թրամփը նրան համարում էր բիզնես ոլորտի արքա: Մի առիթով Թրամփն ասել է. «Ես սիրում եմ այդ մարդուն»»,-գրում է Ռեմփելը:
Հեղինակը զուգահեռներ է տանում Թրամփի ու Քրքորյանի պատմությունների միջև՝ նկատելով, որ երկու միլիարդատերերն իրարից խիստ տարբեր մոտեցումներ են ցուցաբերել ժամանակակից «ամերիկյան երազանքին» հասնելու համար:
«Երբ 2015թ. 98-ամյա Քրքորյանը մահացավ, նրան էին պատկանում մեծ քանակությամբ հյուրանոցներ ու խաղատներ: Բայց նրա անունը դրանցից որևէ մեկի վրա չկար: Եվ չնայած, որ նա ձևափոխեց Ամերիկայի «խաղային Մեքքան», Քրքորյանի անունը երբևէ չի հայտնվել փողոցի ցուցանակի ու նմանատիպ այլ հանրային օբյեկտի վրա: Մինչդեռ Լաս Վեգասի համայնապատկերում կարելի է նկատել մեծ, ոսկեգույն տառերով գրված T-R-U-M-P բառը՝ Trump International Hotel միջազգային հյուրանոցի տանիքին:
Բացի այդ, Քրքորյանը զուսպ էր ու խուսափում էր լրատվամիջոցների հետ շփումից: Նա մերժում էր հարցազրույցների առաջարկների մեծ մասը, ապրում էր իր կանոններով՝ չհանրայնացնելով անձնականն ու բիզնես շահերը: Քըրքի առաջին կանոնը հետևյալն էր՝ չափից շատ մի խոսա և 2-րդը՝ երբեք քո մասին մի պատմիր:
Ինչ վերաբերում է Թրամփին, ապա նախքան քաղաքական դաշտ մտնելը նա հայտնի էր ինքնագովազդով զբաղվելու հատկությամբ:
Չնայած, որ բիզնես ոլորտը մրցակցային է՝ Քրքորյանը երբեք ոչ մեկի դեմ ոխ չէր պահում: Նույնիսկ գերլարված բանակցություններից հետո, Քրքորյանի բիզնես մրցակիցներն ի վերջո դառնում էին նրա ընկերները: Նրա մտերիմ օգնականների խոսքերով՝ Քրքորյանը երբևէ որևէ մեկի մասին վատ բան ասած չկա, ինչը չի կարելի վերագրել Թրամփին:
Քրքորյանը միտումնավոր խուսափում էր քաղաքական ակտիվիզմի ոլորտում ներգրավվելուց: Բայց, միևնույն ժամանակ, հիանում էր, իսկ գուցե նաև՝ նախանձում Թրամփին մարդկանց սիրտը շահելու հատկության համար: Բնականաբար, կիսագրագետ հայ ներգաղթյալների ամաչկոտ որդին շատ էր վախենում հանրային ելույթներից: Մի առիթով նա ընկերներին խոստովանել էր. «Կուզենայի Թրամփի պես խոսել իմանալ»,-եզրափակում է Ռեմփելը: