Շատ վատ եւ մտահոգիչ ժամանակներ
Այնպիսի տպավորություն է, որ ոմանք գիշերը չեն քնում, ցերեկը հաց չեն ուտում միայն նրա համար, որ անդադար ասեն, թե պատերազմն անխուսափելի է, կամ որ Հայաստանն ապագա չունի:
Որոշ լրատվամիջոցներ կամ այսպես կոչված լրատվամիջոցներ էլ կարծես ուրիշ գործ չունեն եւ միայն մտածում են, թե էլ ում գտնեն, որը կասի, թե մենք պետք է Բաքուն այրան ծով դարձնենք, կամ որ պատերազմն այլընտրանք չունի:
Եթե այդպիսինների օրվա պլանը կատարում են, ապա գտնում են նրանց, ովքեր ասում են, թե Հայաստանը հայերից դատարկվելու է եւ այստեղ մարդ չի մնալու:
Հիմա պատկերացրեք շարքային ընթերցողին, որը պատկերացում անգամ չունի, որ որոշ կայքեր անդադար պատերազմից եւ Բաքուն գրավելուց, Հայաստանը դատարկվելու մասին խոսում են բացառապես դիտումներ ապահովելու համար:
Նրանք կարդում են եւ մտածում, որ եթե նման լուրջ մարդիկ, լուրջ լրատվամիջոցները խոսում են պատերազմի անխուսափելիության մասին կամ վստահ պնդում են, որ Հայաստանը դատարկվելու է հայերից, ապա պետք է օր առաջ հեռանալ Հայաստանից՝ երեխաներին փրկելով կամ պատերազմից կամ գերությունից:
Հիմա կշտապեն ասել, իսկ եթե վտանգը տեսնում ենք, ինչո՞ւ չասենք այդ մասին: Տեսնում եք, լավ եք անում: Եւ եթե ձեզ թվում է, թե միայն դուք եք գլխի ընկել, որ եթե Ադրբեջանը համոզված լինի, որ պատերազմ սկսվելու դեպքում չի պատժվի, ապա անպայման կվերսկի ռազմական գործողությունները, ապա ոչ թե մեգաֆոնով այդ մասին գորգռալով քայլեք փողոցներում, այլ դիմեք համապատասխան կառույցներին եւ զգուշացրեք այն վտանգի մասին, որը, ըստ ձեզ, միայն դուք եք նկատել:
Վերջին հաշվով չի կարելի այդքան բացասական լիցք հաղորդել մեր քաղաքացիներին: Առանց այն էլ խնդիրները շատ են: Եկեք խոսենք եւ քննադատենք, անարգանքի սյունին գամենք նրանց, ովքեր իրենց գործողություններով եւ քայլերով խոչընդոտում են մեր զարգացմանը եւ առաջընթացին:
Ոչ թե պետք է վայվլիկ կապենք եւ ձայնով լաց լինենք, այլ ամենօրյա աշխատանքով մեզնից հեռացնենք պատերազմը՝ հզորացնելով եւ ամրացնելով մեր երկիրը, նպաստելով ժողովրդագրական վիճակի բարելավմանը եւ տնտեսության առողջացմանը:
Լուրջ լրատվամիջոցները, քաղաքագետները, հրապարակախոսները հենց այսպես էլ վարվում են, եւ ոչ թե հայրենասերի դիմակ հագած գոռում, թե պատերազմն անխուսափելի է եւ կոչ անում գրոհել եւ գրավել Բաքուն: Հավատացեք, այս մարդիկ նույնքան ծիծաղելի վիճակում են հայտնվում, որքան նրանք, ովքեր կարծում են, թե Երեւանն ադրբեջանական հին քաղաք է:
Հակոբ Ասատրյան
Top-News.am