Համբերության կոյուղաջրի բաժակը
Կյանքը ցույց տվեց, որ բոլոր կուսակցություններից ամենամրցունակը դուրս եկավ Յոժի կուսակցության ծրագիրը։ Նրա ծրագրային հիմնական դրույթը տալիս է իրական արդյունքներ։
Մարդիկ կարող են տարիներով դիմում գրել, խնդրել, պիկետներ անել, դիմել պատկան բոլոր մարմիններին՝ ու գործը տեղից չի շարժվի։ Փողկապավոր ու «զնաչոկավոր» պաշտոնյաները տեղից չեն շարժվում, նրանք թքած ունեն բոլորիս վրա։ Ու սա ողջ պետական համակարգի մասին է։
Բայց հենց մի բաժակ կոյուղաջուր շփես վրաները, միանգամից տեսնում եւ լսում են խնդիրը, ավելին՝ հաջորդ օրվանից սկսում են լուծել տարիներով չլուծված խնդիրը։ Սա հուշում է մի բանի մասին. իշխանություն- հասարակություն այս պահին միակ աշխատող խողովակը՝ կոյուղին է։
Իսկ սա նշանակում է, որ այսուհետ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է լեգիտիմ իրավունք մի բաժակ կոյուղաջրով լուծել իր օրինական պահանջները՝ առանց երկար սպասելու, խնդրելու, դատարաններում նվաստանալու։
Այդ լեգիտիմ իրավունքը ամրագրեցին՝ Մարինա Խաչատրյանը իր բաժակով եւ Տարոն Մարգարյանը՝ հենց հաջորդ օրվանից սկսած կոյուղու վերականգնողական աշխատանքներով։
Վահրամ Գեւորգյան
Top-News.am