Լոռու մարզի Աքորու միջնակարգ դպրոցում սկանդալ է հասունանում. Տնօրենն աշխատանքից ազատել է հավաքարարներին
Լոռու մարզի Աքորու միջնակարգ դպրոցում սկանդալ է հասունանում: Դպրոցի տնօրենը օրեր առաջ աշխատանքից ազատել է դպրոցի հավաքարարներին, ովքեր պնդում են, որ աշխատանքից ազատվել են ոչ թե վատ աշխատելու, այլ տնօրենի խոտը չհավաքելու համար:
Դպրոցում սպասվող կրճատումների մասին հավաքարար Գոհար Թաթոյանը մի քանի անգամ տնօրենից է լսել, սակայն ինչպես ինքն է պնդում՝ մի կողմից տնօրենը իբր ավելորդ հաստիքներն է կրճատել, մյուս կողմից տեխնիկական անձնակազմը համալրվել է նոր աշխատակիցներով. «Օրերից մի օր իրա բիձու տղեն ու բիձու տղու կնիկը եկան գործի, ասի բա ոնց ա համ կրճատումներ կան, համ էլ դու գործի ես եկել, ասեց հա՝ ինձ ընդունել է»,- գյուղ այցելած լրագրողների հետ զրույցում պատմել է աշխատանքից ազատված հավաքարարը, նշելով, որ ամիսներ առաջ էլ նկատողություն է ստացել տնօրենից սենյակը վատ մաքրելու համար. «Ասեց էսա քո վրա նկատողություն եմ գրելու»: Մինչդեռ իր ազատման պատճառն ըստ տիկնոջ ոչ թե ստացած նկատողությունն է եղել, այլ անձնական դրդապատճառները. «Դպրոցի տարածքի խոտը ինքը իրա անասունների համար հնձում տանում ա, ես չկարողացա հավաքել, դրա համար էլ ինքը երեւի էդ պահին ա նկատողություն տվել»:
Շուրջ 40 տարի դպրոցում աշխատած Արեւ Թաթոյանը մյուս կրճատված հավաքարարն է, ասում է՝ եւ բարեխիղճ է աշխատել, եւ տնօրենի հետ խնդիրներ չի ունեցել. «Ես կարծում եմ, որ արդարությունը կվերականգնվի»:
Դպրոցի տնօրեն Կիմիկ Պետրոսյանի խոսքով՝ դպրոցի նախկին բոլոր տնօրեններն էլ հավաքարար Գոհար Թաթոյանից դժգոհ են եղել, նաեւ նկատողություններ են տվել: Հաստիքների կրճատումը տնօրենը կապում է հաստիքների ուռճացված լինելու հետ, ու բացի սա, տնօրենի խոսքով, նաեւ բոլոր տեխնիկական աշխատողների աշխատավարձերն են նվազել, ինչի պատճառն ըստ նրա՝ աշակերտների թվի կտրուկ նվազումն է եղել այս ուսումնական տարում, ինչն էլ ազդել է դպրոցի ֆինանսական վիճակի վրա: Իսկ թե ինչու են կոնկրետ այս կանայք աշխատանքից ազատվել, տնօրենը պարզաբանում է. «Ընտրությունը կատարվել է այն անձանց նկատմամբ, ովքեր աշխատանքային գործունեության ընթացքում աշխատանքային պարտականությունները պարբերաբար չեն կատարել թե նախկին տնօրենների ժամանակ ու թե հիմա»:
Աշխատանքից ազատված կանայք օրեր առաջ դիմել էին նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, ում հանձնարարականով երեկ դպրոց են այցելել մարզպետարանի կրթության վարչության, ֆինանսական եւ ներքին աուդիտի բաժնի աշխատակիցները, ովքեր նախ լսել են բողոքները, ապա ուսումնասիրել անձնական գործերը:
Լոռու մարզպետարանի կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանի խոսքով՝ մասնագետների եզրակացություններն ու արդյունքները կներկայացվեն մարզի ղեկավարին, հետագայում եզրակացություն տալու նպատակով: