Մոսկվա-Գյումրի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել՝ ծխող և անկարգապահ ուղևորի պատճառով
Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության Boeing ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հարկադիր վայրէջքի պատճառ է դարձել կռվարար ուղևորը, որը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել հրամանատարի հրահանգներին և իրեն ոչ ադեկվատ է պահել: Բացի այդ, նա նաև ծխախոտ է վառել: Այս մասին հայտնել են ավիաընկերությունից:
«Հրամանատարը զեկուցել է, որ ուղևորներից մեկը, չարաշահելով ալկոհոլային խմիչքը, ինքնաթիռում վեճ է սկսել ու ստեղծված իրավիճակը հնարավոր չէ կարգավորել: Անձնակազմը խնդրել է հարկադիր վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում»,-պատմել է ավիադիսպետչերական ծառայության աղբյուրը:
Նա հավելել է, որ հարկադիր վայրէջքն իրականացվել է Միներալնիե Վոդի քաղաքում, քանի որ ինքնաթիռն այդ պահին գտնվել է Ռուսաստանի հարավում: