Սպային վայել պահվածք կամ ինչպես են հաղթում պետությունները
Ռոման Ֆիլիպովի մարմինը, որը փետրվարի 3-ին Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ Իդլիբում թրքամետ «Ջեյշ ալ-Նասր» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից խոցված ռուսական Սու-25 կործանիչի օդաչուն էր եւ զոհվել էր՝ ահաբեկիչների դեմ ծանր մարտի ժամանակ, արդեն տեղափոխվել է Մոսկվա:
Ռուս սպան, իր խիզախ պահվածքով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի սպան, ցույց տվեց, թե ինչպես կամ ինչ սպաներով են հաղթում երկրները: Իհարկե, նա կարող էր մինչեւ վերջ չկռվել եւ իրեն եւ իր վրա հարձակվածներին չպայթեցնել նռնակով, եւ կարող էր կենդանի մնալ:
Նա նախընտրեց իրեն պահել արժանապատիվ, հասկանալով, որ հակառակորդը բարձր արժեքների մասին որեւէ պատկերացում չունի, եւ լավագույն դեպքում իրեն ծաղր ու ծանակի են ենթարկելու, վատագույն դեպքում՝ տանջելով սպանելու:
Հենց այսպիսի սպաների վրա էլ հենվում է Ռուսաստանը եւ կերտում իր մեծ ու փոքր հաղթանակները: Հենց այսպիսի սպաներով եւ զինվորներով են իրենց հաղթանակները կերտել մի շարք այլ երկրներ, եւ բարեբախտաբար, այդ սպաներից եւ զինվորներից ունենք նաեւ մենք:
Նման պահվածք հայ զինվորները դրսեւորել են Արցախյան ազատամարտի ժամանակ, ապրիլյան պատերազմի ժամանակ, զարմացնելով աշխարհին եւ հակառակորդին:
Մեր աչքի առաջ, գրեթե աննկատ աճեց մի սերունդ, որը սիրում է հայաստանը, պատրաստ է արժանապատվորեն կռիվ տալ Հայաստանի համար եւ չի էլ պատկերացնում, որ աշխարհի քաղաքական քարտեզի վրա Հայաստան պետություն չլինել: Նրանք իրենց ավագ սերնդի նման չեն, որոնք տեսել են ԽՍՀՄ-ը եւ ապրել ոչ թե Հայաստանում, այլ մեկ այլ պետությունում:
Ռոման Ֆիլիպովն ապացուցեց ամբողջ աշխարհին, թե ինչպիսին է ռուսաստանցի սպան իրականում, մեր զինվորականները դա մեկ անգամ եւս ապացուցեցին ապրիլյան պատերազմի ժամանակ եւ տա Աստված, որ այլեւս նման ապացույցների կարիք չլինի:
Հակոբ Ասատրյան
Top-News.am