Ադրբեջանի արտահերթ ընտրությունները հավանական պատերազմի հետ որեւէ կապ չունեն
Ադրբեջանի նախագահը որոշեց ոչ թե անցկացնել նախագահի հերթական, այլ արտահերթ ընտրություններ։ Նախագահի ընտրությունը պետք է կայանար հոկտեմբերի կեսերին, բայց հիմա այն տեղափոխվեց ապրիլ։
Բնականաբար, Ալիեւը հենց այնպես, առանց լուրջ պատճառի նման փոփոխության չէր գնա։
Նրանք, ովքեր, չգիտես ինչու, Ադրբեջանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն կապում են Արցախյան խնդրի, ավելի ճիշտ հավանական պատերազմական գործողությունների հետ, շտապեցին հայտարարել, թե Իլհամը պատրաստվում է պատերազմի։ Դժվար է ասել, թե ինչու են ոմանք այդքան անհամբեր սպասում պատերազմին, բայց շտապենք ասել, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները որեւէ կապ չունեն պատերազմի նախապատրաստության հետ։ Եթե Ալիեւը ցանկություն ունենա մարտական գործողություններ սկսել, ապա դա չէր կապի նախագահի ընտրության օրվա հետ։
Քննադատության չի դիմանում նաեւ այն վարկածը, թե Ալիեւը ոգեւորվել է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունից։ Արցախի հարցը կապել Աֆրինի հետ, նույնն է թե դա նույնացնել Եմենում ընթացող գործընթացների հետ։
Վարկածներից մեկի համաձայն էլ Ալիեւը հիվանդ է եւ ցանկանում է իշխանությունը սահուն փոխանցել կնոջը։ Սա ավելի հավանական տարբերակ է, քան պատերազմի վերսկսման հավանականությունը, բայց կրկին ոչ համոզիչ։
Մեծ է հավանականությունը, որ Ալիեւը պարզապես օգտվում է նավթի միջազգային գների համեմատաբար բարենպաստ վիճակից եւ ցանկանում է ընտրությունները հորով մորով անել, քանի դեռ ադրբեջանցիների տրամադրությունը փոքր ինչ բարձր է։
Փորձագետները համոզված են, որ ամռան վերջերից սկսած նավթի գներն ընկնելու են, իսկ այս մասին տեղյակ է նաեւ Ադրբեջանի նախագահը։
Միաժամանակ շատ հավանական է, որ Ալիեւը ցանկանում է արցախյան բանակցային գործընթացում իրեն ավելի վստահ զգալ իր դիրքերն արդեն ներքին հարթակում ամրապնդած Սերժ Սարգսյանի հետ։ Նա չի ցանկանում գործ ունենալ ընտրված վարչապետի հետ, երբ դեռ ինքը պատրաստվում է ընտրությունների։
Չի կարելի նաեւ բացառել, որ Ալիեւին արտահերթ ընտրություններ անցկացնելու հորդորով դիմել են համանախագահ երկները, ինչպես նաեւ Էրդողանը։ Գաղտնիք չէ, որ սպասվող ընտրությունները միշտ հետ են գցում բանակցային գործընթացը։
Այսպիսով, արտահերթ ընտրությունների պատճառ կարող է լինել հազար ու մի հարց, բայց ոչ հավանական պատերազմը։
Հակոբ Ասատրյան
Top-News.am